Հայ-լեհական հարաբերությունների Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցչի դերի, Եվրամիությանը Հայաստանի ասոցացված անդամակցության մասին իր պատկերացումները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկին:
Լեհաստանի դեսպանի կարծիքով, Հայաստանն ու Ադրբեջանն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման ընդհանուր ընկալում, որը ներառում է Ղարաբաղի շուրջ օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրսբերում, այնուհետեւ դե-ֆակտո պետականությանը մոտ անցումային կարգավիճակի տրամադրում Ղարաբաղին:
Հարավային Կովկասում Եվրամիության նոր հատուկ ներկայացուցիչ Ֆիլիպ Լեֆորի նշանակման կապակցությամբ Ռաչինսկին նշեց, որ Լեֆորի մանդատը ներառում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները եւ կապված չէ միայն հակամարտությունների հետ: Լեֆորի լիազորությունները տարածվում են բոլոր հիմնախնդիրների, հատկապես, Եվրամիության հետ հարաբերությունների եւ էներգետիկ քաղաքականության վրա: «Եվրամիությունը սկսել է նոր որակի արտաքին դիվանագիտություն: Քեթրին Էշթոնի գլխավորությամբ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունն աջակցում է եվրոպական դեսպանությունների աշխատանքին Հարավային Կովկասում եւ համակարգում է առանցքային հիմնախնդիրները: Լեֆորի գործունեությունից ակնկալում եմ Եվրամիության ներկայության աճ Հարավային Կովկասի եւ Հայաստանի կարեւորագույն հարցերում»,- նշեց Զդիսլավ Ռաչինսկին:
Հայաստանի ու Եվրամիության միջեւ վիզային ռեժիմի մեղմացման վերաբերյալ Լեհաստանի դեսպանը նշեց, որ բանակցությունները կարող են սկսվել արդեն այս տարի: Համաձայնության հասնելու համար անհրաժեշտ է Հայաստան – ԵՄ ռեադմիսիայի համաձայնագիր, ինչը նշանակում է, որ Հայաստանը պետք է վերադարձնի Եվրամիության տարածքում անօրինական գտնվող բոլոր հայ քաղաքացիներին: Բացի այդ, Հայաստանը պետք է վերազինի անձնագրային ու վիզային ծառայությունները եւ անցնի կենսաչափական անձնագրերի: Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի օրինակով կնվազի նաեւ Եվրամիության մուտքի վիզայի արժեքը, որը Հայաստանի համար այժմ 60 եվրո է: Հատուկ վիզային ռեժիմ կարող է սահմանվել երեխաների, ուսանողների, գիտական ծրագրերի մասնակիցների համար: Նրանք պետք է վիզա ստանան անվճար:
Հայաստանում Լեհաստանի դեսպանը նաեւ հայտարարեց, որ Հայաստանի եւ Լեհաստանի տնտեսական գործընկերության գլխավոր գործոններից մեկը քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակն է. այսօր Հայաստանն ու Լեհաստանը չունեն ոչ մի քաղաքական տարաձայնություն: Սակայն լեհական բիզնեսի համար Հայաստանը քիչ հայտնի ու փոքր շուկա է: Քչերը գիտեն, որ արդեն մոտ մեկ տարի լեհական «LОТ» ավիաընկերությունն ուղիղ չվերթ է իրականացնում Վարշավայից Երեւան: Հայաստանը, լինելով ներմուծող երկիր, կարող է համագործակցել Լեհաստանի հետ, որի տնտեսության հիմքում արտահանումն է: Լեհաստանի գլխավոր շուկան արեւմտյանն է:
Հայ-լեհական տնտեսական կապերի զարգացումը արգելակող գործոններից Զդիսլավ Ռաչինսկին նշեց Հայաստանի տրանսպորտային մեկուսացումը, որը դժվարացնում է ներմուծումը եւ նվազեցնում է այս ուղղությամբ լեհական արտահանման մրցունակությունը, նաեւ լեհական ընկերություններն անվստահություն ունեն Հայաստանում բիզնեսի զարգացման նկատմամբ:
«Կարծում եմ, որ հայ-լեհական բիզնես շփումները պետք է զարգացնեն փոքր եւ միջին ձեռնարկությունները: Հայաստանյան ներմուծման մենաշնորհային բնույթը խանգարում է նոր ընկերությունների մուտքը շուկա: Տնտեսության ոչ տրամաբանական կառուցվածքը զգալ է տալիս: Դժվար է բացատրել, թե ինչու մրգային ջեմի ներմուծումն ավելի շահավետ է, քան դրա արտադրությունը Հայաստանում»,- նշեց դեսպանը:
Թերթաքարային գազի ակտիվ հետախուզմամբ զբաղվող Լեհաստանի դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը Հայաստանի նման զրկված է զգալի էներգառեսուրներից եւ երկու երկրներն էլ նավթի ու գազի ներմուծող են, իսկ տնտեսական կախվածությունը կարող է հանգեցնել նաեւ քաղաքական կախվածության: Ռաչինսկին հայտնեց, որ եթե Լեհաստանում թերթաքարային գազի ծավալների նախնական կանխատեսումներն արդարանան, ապա իր երկիրն առնվազն 300 տարի ապահովված կլինի գազով եւ էներգիայի ներմուծողից կվերածվի արտահանողի:
«Այժմ Հայաստանում ամերիկացիները սկսել են թերթաքարային գազի հետախուզման աշխատանքներ եւ դրական արդյունքի դեպքում իրավիճակը ձեր երկրում կտրուկ կփոխվի: Կաճի երկրի տնտեսական անկախությունը եւ արտադրության մրցունակությունը: Փոփոխություններ տեղի կունենան նաեւ գազի համաշխարհային շուկայում: Դրա վառ ապացույցը ԱՄՆ-ի օրինակն է: Այդ երկիրը թերթաքարային գազի արդյունահանման շնորհիվ մի քանի տարում գազի ներմուծողից դարձավ արտահանող, ինչը նաեւ զսպում է գազի եւ նավթի գնի բարձրացումը»,- հայտարարեց Հայաստանում Լեհաստանի դեսպանը:




























