Հայաստանին վերաբերող ԵԽԽՎ-ի բանաձեւում կան ինչպես դրական, այնպես էլ վիճելի կետեր: Այս մասին, այսօր` հոկտեմբերի 6-ին, կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Ազգային ժողովի` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը` նշելով, որ արտահայտում է իր անձնական կարծիքը, քանի որ փաստաթուղթը առայժմ չի քննարկվել կուսակցությունում:

«Ինձ խիստ անհանգստացնում է «Ա1+» հեռուստաընկերության հետ կապված հարցը, որը հանված է նախարարների կոմիտեի շրջանակներից, ինչպես նաեւ 2008 թվականի մարտի 1-ի էջի մասնակի փակումը` կապված ՀԱԿ-կոալիցիա երկխոսության հետ:  Բարեբախտաբար մինչեւ տարվա վերջ մարտի 1-ի 10 զոհերի մահվան հանգամանքները պարզելու հետաքննության նկատմամբ տարվելու է ԵԽԽՎ մոնիտորինգը»,-նշել է պատգամավորը:

Պատգամավորը հավելել է, որ իրեն անհանգստացնում է Ընտրական օրենսգրքի հետ կապված փոփախությունների ձեւակերպումը:

Նշենք, որ ԵԽԽՎ-ն հոկտեմբերի 5-ին ընդունել է «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» զեկույցը, որը ներկայացրել էին, Հայաստանի հարցով համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ջոն Պրեսկոտը: Զեկույցն ընդունվել է աննշան խմբագրմամբ, կողմ է քվեարկել ԵԽԽՎ 40 պատվիրակ, դեմ` 3-ը, ձեռնպահ՝ 1-ը: