Մի շարք վերլուծաբանների եւ Գալուստ Սահակյանի տեսակետը, թե «Ժառանգությունը» չի անցնի հաջորդ խորհրդարան, սովորական PR տեխնոլոգիա է, որով փորձում են հասարակության գիտակցության մեջ մտցնել, թե «Ժառանգությունը» չի լինելու հաջորդ խորհրդարանում: Այս մասին, հոկտեմբերի 6-ին, մամուլի ասուլիսում, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը, հավելելով, որ նորմալ է վերաբերում նման հայտարարություններին:

«Ոչինչ, 2007-ին նույնպես ասում էին, որ «Ժառանգությունը» չի հայտնվի խորհրդարանում, բայց մենք ցույց տվեցինք, թե որքան ձայների էր հավակնում կուսակցությունը եւ որքան ստացավ: Ցավոք, 2007-ին, իշխանությունների «ակտիվ աշխատանքի» հետեւանքով, «Ժառանգությանը» տվեցին իր ստացած ծայների 1/3-րդ մասը միայն: Մյուս կողմից, ուրախալի է, որ վերլուծաբաններն ու իշխող կուսակցությունն իրենց համար թիրախ են ընտրել «Ժառանգությունը», քանի որ քաղաքական դաշտում «Ժառանգությունը» միակ կուսակցությունն է, որն իրականացնում է բացառապես քաղաքական գործունեություն»,- նշել է Մարտիրոսյանը:

Մեկնաբանելով ՀՀԿ խմբակցության նախագահ Գալուստ Սահակյանի հայտարարությունը, թե «Ժառանգությունը» փոքր եւ անհասկանալի թիմ է, Մարտիրոսյանն ասել է. «Փոքրը ոչինչ. Ադամանդը եւս փոքր է, իսկ ահա քարածուխը իր չափսերով մեծ է լինում: Մյուս կողմից շատ լավ է, որ պարոն Սահակյանի համար «Ժառանգությունն» անհասկանալի է, քանի որ այդ դեպքում նրա համար շատ դժվար կլինի պայքարել «Ժառանգության» դեմ: Շատ ավելի կարեւոր է, որ «Ժառանգությունը» հասկանալի լինի հասարակ քաղաքացիներին»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ օրերս Գալուստ Սահակյանն ասուլիսում անդրադառնալով խնդրին, թե որ ուժերը կհայտնվեն հաջորդ խորհրդարանում, ասել է. «Բնական է, որ խորհրդարան կանցնի ՀՀԿ-ն, ԲՀԿ-ին, ՕԵԿ-ը, շանսեր ունի ՀՅԴ-ն: Ինչ վերաբերում է «Ժառանգությանը», այստեղ չի կարելի միանշանակ բան ասել: Ինձ համար դա փոքրիկ եւ անհասկանալի թիմ է: Հայ ազգային կոնգրեսը ունի ԱԺ-ում հայտնվելու որոշակի շանսեր: Այնպես որ խորհրդարանը կձեւավորվի եւ այնտեղ կլինեն ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր բլոկներ»: