Հայաստանում տվյալ պահին իրադարձություններն ընթանում են նախընտրական պայքարի տրամաբանության մեջ: Այդ մասին, հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է Ազգային Ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը:

Պատգամավորը կարծիք է հայտնել, թե առաջիկա խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները բավականին ակտիվ են ընթանում, ընդ որում իշխանության կուսակցությունը վաղ է սկսել այդ գործընթացը` ընդգրկելով քարոզչամիջոցները: «Այդ ամենն իր արտացոլումն է գտնում հանրային գործողություններում, ինչպես օրինակ իշխանություն-Հայ ազգային կոնգրես երկխոսությունն է եւ Հայաստանի երկրորդ նախագահի խոսքը: Այդուհանդերձ, ես կարեւորություն եմ տալիս այն քայլերին, որոնք կբերեն երկրի զարգացման»,-ասել է նա:

Մարտիրոսյանն ընդգծել է, թե անհրաժեշտ է, որ քաղաքական գործընթացներում ակտիվություն ցուցաբերեն այն ուժերը, որոնք նվազագույն կերպով են ներառված երկրի տնտեսության մեջ, բիզնես շահեր չունեն եւ իրենց գործունեությունը կապված է բացառապես քաղաքականության հետ: Այդ առումով նա հայտարարել է, թե «Ժառանգություն» կուսակցության գործունեությունը եղել եւ մնում է բացառապես քաղաքական ոլորտում: