Րաֆֆի Հովհաննիսյանի Ազատության հրապարակ այցելությունը քաղաքավարական բնույթ ուներ: Այդ մասին, հոկտեմբերի 6-ի մամուլի ասուլիսում, հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանը երեկ է հրապարակ ողջունելու եւ իր աջակցությունը հայտնելու բողոքի ակցիային մասնակցող քաղաքացիներին, ովքեր եւս իրենց հերթին աջակցել էին Րաֆֆի Հովհաննիսյանին, երբ նա հացադուլ էր հայտարարել:
Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Լեւոն Տեր-Պետրոսյանի միջեւ առանձնազրույցին, պատգամավորն ասել է, որ խոսակցությունը եղել է քաղաքական բնույթի, հավելելով, որ չի ցանկանում մանրամասնել այն:
«Րաֆֆի Հովհաննիսյանն այն քաղաքական գործիչն է, ով չի այրում կամուրջները, չի փակում դռները եւ իրեն պահում է քրիստոնեական բարեկրթության շրջանակներում»,- ընդգել է ընդդիմադիր գործիչը:
Դիտարկմանը, թե Ազատության հրապարակ գալով Հովհաննիսյանը ցանկացել է ցուցադրել իր առավելությունը Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ, ով այս տարվա մարտին չէր մոտեցել հացադուլ հայտարարած Հովհաննիսյանին, «Ժառանգության» պատգամավորը բացառեց նման հնարավորությունը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի հովհաննիսյանն այցելել է Ազատության հրապակ եւ զրուցել ՀԱԿ-ի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ մինչ այդ, այս տարվա մարտի 17-ին, Լեւոն Տեր-Պետրոսյանն իր աջակիցների հետ մտնելով Ազատության հրապարակ, չէր մոտեցել հրապարակում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին: Վերջինս հայտարարել էր, որ դա ոչ թե քաղաքական մշակույթի պակաս է, այլ «հստակ քաղաքական դիրքորոշում»:




























