ՆԱՏՕ-ի կենտրոնակայան կատարած այցի շրջանակներում, հոկտեմբերի 5-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի:

ՊՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ափաթուրայի հետ հանդիպմանը քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության գործողության ծրագրին, Հայաստանում իրականացվող պաշտպանական բարեփոխումներին եւ այդ ուղղությամբ Դաշինքի աջակցությանը վերաբերող հարցեր: Հայաստանի պաշտպանության  նախարարը կարեւորել է տարածաշրջանում Դաշինքի հավասարակշռված քաղաքականությունը, մասնավորապես հակամարտությունների կարգավորման զգայուն գործընթացում:

Նույն օրը Սեյրան Օհանյանը հանդիպել է Գործողությունների դաշնակցային հրամանատար, Եվրոպայում ԱՄՆ զորքերի հրամանատար, ծովակալ Ջեյմս Ստավրիդիսի հետ: Քննարկվել են ՆԱՏՕ-Հայաստան եւ ԱՄՆ-Հայաստան  ռազմական համագործակցության ընթացքն ու հեռանկարները: Ծովակալ Ստավրիդիսը ողջունել է Հայաստանի ստորաբաժանումների մասնակցությունը ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին Կոսովոյում եւ Աֆղանստանում եւ բարձր գնահատել նրանց մարտական պատրաստությունն ու մասնագիտական հմտությունը, ինչպես նաեւ պատրաստակամություն հայտնել աջակցելու փոխգործունակ կարողությունների հետագա զարգացմանը: Կարծիքներ են փոխանակվել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Հոկտեմբերի 6-ին Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ղեկավարած գործողություններին մասնակցող երկրների եւ Աֆղանստանում Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության ներքո ստորաբաժանումներ տրամադրած երկրների ձեւաչափերով պաշտպանության նախարարների հանդիպումներին: Առաջին հանդիպման ընթացքում քննարկվել է անվտանգության իրավիճակը Աֆղանստանում եւ 2014 թվականից անդին Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ոչ-մարտական բնույթի ներկայության պահպանման ռազմավարական պլանի նախագիծը: Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարության կազմում զորքեր ունեցող 17 երկրների պաշտպանության նախարարները ընդունել են համատեղ հայտարարություն: