ԱՄՆ-ը որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակում է հավատարիմ մնալ ԼՂ հակամարտության կողմերի հետ աշխատելուն: Այդ մասին ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է Եվրոպայի եւ Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը:

Նրա խոսքով, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը պետք է հասնել տեւական եւ խաղաղ ճանապարհով` Հելսինկյան ակտի երեք սկզբունքների հիման վրա. ուժի չկիրառում, պետությունների տարածքային ամբողջականություն եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունք:  «Թեեւ Կազանում չէր ավարտվել աշխատանքը հիմնական սկզբունքների վրա, սակայն նախագահներ Ալիեւը եւ Սարգսյանը, Մեդվեդեւի հետ համատեղ հայտարարությունում ասել են, որ նրանք հասել են փոխադարձ համաձայնության մի շարք հարցերի շուրջ: Նրանք նաեւ համաձայնության են եկել շարունակել աշխատանքը հիմնական սկզբունքների վրա, որոնք լիակատար խաղաղ կարգավորման համար շրջանակ կլինեն: Հակամարտության կողմերը ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների օգնությամբ շարունակում են աշխատանքը, այդ ընդհանուր հայտարարին հասնելու նպատակով»,- ասել է նա:

«Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով: Միայն բանակցություններն են ճանապարհ բացում դեպի խաղաղություն եւ կայունություն, ստեղծում են նոր հնարավորություններ տարածաշրջանային զարգացման եւ համագործակցության համար»,- ասաց նա: