ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Մոսկվայում դեկտեմբերի 20-ին, հոկտեմբերի 7-ին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զեյնետդինովին:
Դրա վերաբերյալ նախնական համաձայնություն է ձեռք բերվել Աստանայում կայացած նախորդ հանդիպման ժամանակ: «Համապատասխան հրավերները ուղարկվել են նախագահներին: Այժմ աշխատանքներ են տարվում յոթ երկրների նախագահների հանդիպման օրակարգի շուրջ»,-ասել է նա:
Մամուլի քարտուղարի խոսքով, գագաթաժողովի նախօրեին տեղի կունենան Արտգործնախարարների խորհրդի, Անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի եւ կազմակերպության պաշտպանության նախարարների խորհրդի նիստերը:
ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել 2011-ի օգոստոսի 12-ին Աստանայում (Ղազախստան):
ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը եւ Ուզբեկստանը:




























