Սիրիայի ղեկավարությունը պետք է երկրում վերափոխումներ անցկացնի, իսկ եթե ի վիճակի չէ դա անել, ապա հարկադրված է լինելու հեռանալ, հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
Նրա խոսքով, Ռուսաստանը մյուս երկրների պես հետաքրքրված է Սիրիայում արյունահեղության դադարեցման մեջ եւ այդ դիրքորոշումը ներկայացնում է սիրիական ղեկավարությանը:
«Եթե սիրիական ղեկավարությունն ի վիճակի չէ նման վերափոխումներ անցկացնել, ապա այն պետք է հեռանա, բայց այդ որոշումը պետք է ընդունվի ոչ թե ՆԱՏՕ-ում եւ առանձին եվրոպական երկրներում, այլ պետք է ընդունի Սիրիայի ժողովուրդը եւ երկրի ղեկավարությունը»,-շեշտել է ռուսական պետության ղեկավարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին կայացած Սիրիայի վերաբերյալ բանաձեւի քվեարկության արդյունքը եղավ այն, որ Ռուսաստանն ու Չինաստանը կիրառեցին վետոյի իրենց իրավունքը: Փաստաթղթին կողմ քվեարկեց 9 երկիր, 4 երկիր` ձեռնպահ մնաց:
Բանաձեւի նախագիծը կազմել էին արեւմտյան երկրները:




























