Ադրբեջանը Ռուսաստանին մեղադրել է Դաշնակցային հարաբերությունների մասին հռչակագիրը չկատարելու մեջ, որը ստորագրվել է 2022թ.-ին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը։

Սա, ըստ նրա, ցույց է տալիս ՌԴ ԱԳՆ-ի բարձր ոչ պրոֆեսիոնալիզմը։ Իրականում, Բաքուն առաջինը խախտեց եռակողմ հայտարարության դրույթները, երբ շրջափակեց Լաչինի միջանցքը։

Նա բացատրեց, որ Ռուսաստանն Ադրբեջանին պետք է անհապաղ մեղադրեր եռակողմ հայտարարությունը և Դաշնակիցների հարաբերությունների մասին հռչակագիրը խախտելու մեջ։

Ալեքսանդրովը նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը հարձակում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի և Երևանի, այլև Ռուսաստանի դեմ։

«Պետք է անմիջապես ասվեր, որ Ադրբեջանը չի կատարում դաշնակցային հռչակագիրը, իսկ ՌԴ ԱԳՆ-ն լուռ մնաց և մինչ այժմ լռում է։ Արդյունքում Բաքուն Ռուսաստանին մեղադրում է Հռչակագիրը չկատարելու մեջ, թեև առաջինն ինքը խախտել է այն։ Դա պայմանավորված է նրանով, որ ՌԴ ԱԳՆ-ում շարունակում է գործել ադրբեջանամետ լոբբին, որն ամեն կերպ փորձում է մեղմել Մոսկվայի և Բաքվի հակասությունները, քողարկել Ադրբեջանի առճակատման քաղաքականությունը և շփոթեցնել ռուս հասարակությանը։ Ուստի բավական հակասական և անատամ հայտարարություններ են արվում, որոնք չեն համապատասխանում Ռուսաստանի՝ որպես մեծ տերության կարգավիճակին»,- հավելեց քաղաքագետը։

Միաժամանակ փորձագետը հիշեցրել է, որ Ադրբեջանը դժգոհ է այն փաստից, որ Ռուսաստանը կոչ է արել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։

Նա կոչ է արել Ռուսաստանին նախազգուշացնել դաշնակցային հռչակագրի չեղարկման մասին՝ դրա կրկնակի խախտման դեպքում, ինչը քաղաքական ճնշում կդառնա Բաքվի վրա։

«Բացի այդ, կարելի է դիմել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ պահանջելով հրավիրել նիստ, որի ժամանակ Ռուսաստանը պետք է Բաքվին պարտավորեցնի բացել Լաչնիի միջանցքը՝ տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի ներքո», - եզրափակել է Ալեքսանդրովը։

Ավելի վաղ, ի պատասխան ՌԴ ԱԳՆ հայտարարության, թե Հայաստանը ճանաչել է Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի տարածք, որն արմատապես փոխել է նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման հիմնարար պայմանները, Ադրբեջանի ԱԳՆ-ն անընդունելի է համարել այն, որ ՌԴ ԱԳՆ-ն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պայմանավորի այն փաստի կոնտեքստում, որ Հայաստանի վարչապետը Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչում։ 

Ադրբեջանի ԱԳՆ-ն ռուսական կողմին մեղադրել է նոյեմբերի 9-ի հայտարարության լիարժեք կատարումը չապահովելու, ինչպես նաև Փոխգործակցության մասին հռչակագիրը խախտելու մեջ։