Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դիմելով նստացույցին՝ փորձում է թեքել Արցախի բնակչության քննադատության ալիքը: Այս մասին NEWS.am-ին հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

«Քաղաքական պայքարում բազմաթիվ տեխնոլոգիաներ կան եւ նստացույցն էլ կազմակերպչական տեխնոլոգիա է, սակայն պետք է իմանալ՝ երբ կիրառել, ինչ նպատակով եւ ինչ ակնկալիք ունենալ: Տվյալ դեպքում տվյալ գործչի կողմից կիրառվող տեխնոլոգիան ընդամենը փիառ բնույթ է կրում, եւ նպատակ ունի ոչ թե կազմակերպչական գործողություն իրականացնելու, այլ նպատակ ունի իր մեղսակցությունը թաքցնելու: Արցախի այսօրվա վիճակի համար Հայաստանի իշխանությունների հետ հավասարապես մեղավոր է նաեւ Արցախի ղեկավարությունը: Արայիկ Հարությունյանը դիմելով նստացույցին՝ փորձում է դրանով թաքցնել եւ մի կողմ թեքել Արցախի բնակչության քննադատության ալիքը»,-ասաց նա:

Արմեն Բադալյանի խոսքով՝ տվյալ դեպքում նստացույցը ոչ թե դրական դերակատարություն ունի, այլ ընդամենը մեկ մարդու գործունեությունը ծածկելու նպատակ.

«Եթե Արցախի բնակչությունը ցանկանում է իրականում դուրս գալ այսօրվա ստեղծված իրավիճակից, ապա նա ունի կոնկրետ մի քանի քայլ. առաջին՝ կազմակերպում է հանրահավաք եւ պահանջում նրա հրաժարականը, եթե չի տալիս հրաժարական, ապա ստիպում են նրան հրաժարական տալ, Ազգային ժողովի կողմից ընտրվում է նոր նախագահ, որը իրականացնում է ուժային ոլորտում կադրային փոփոխություններ, ինչից հետո Արցախի բանակը ուժով բացում է Լաչինի միջանցքը: Մնացած բոլոր ճանապարհները փիառ տեխնոլոգիաներ են, որոնք բազմաթիվ այլ խնդիրներ են լուծում, բացառությամբ Արցախի գոյության խնդրից»:

Արցախցիները կանգնած են ֆիզիկական ոչնչացման առաջ. Արայիկ Հարությունյանը նստացույց հայտարարեց