Միայն 2022 թվականին Ռուսաստանում հակապատերազմական դիրքորոշման համար պատժվել է ավելի քան 21 հազար մարդ։ Այս մասին ասվում է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության նոր զեկույցում, որը հրապարակվել է հուլիսի 20-ին։
«Այլախոհության ճնշումը Ռուսաստանում համապարփակ է։ Մի շարք միջոցառումներ ուղղված են ռուսական զավթողական պատերազմի դեմ քննադատական ձայները լռեցնելուն»,-նշել են իրավապաշտպանները։
Զեկույցում նրանք վերլուծում են, թե ինչպես են ռուսական իշխանությունները հաշվեհարդար տեսնում նրանց հետ, ովքեր Ռուսաստանում դատապարտում են Ուկրաինայի դեմ զավթողական պատերազմը, ինչպես նաեւ դիտարկում են այն օրենքներն ու գործելակերպերը, որոնց օգնությամբ ճնշվում է Ռուսաստանում հակապատերազմական շարժումը։
Կազմակերպության տվյալներով՝ Ռուսաստանում հակապատերազմական դիրքորոշման համար հետապնդումների ենթարկված մարդկանց մեծ մասը տուգանքներ է ստացել, ընդ որում ՝ նրանցից 2307-ը ձերբակալվել է:
«Բանակի մասին ֆեյքերի եւ ՌԴ զինված ուժերի «կրկնակի վարկաբեկման» հոդվածներով ներգրավվել է ավելի քան 150 մարդ»,-ասվում է զեկույցում։
Բացի այդ, Amnesty-ն փաստագրել է դեպքեր, երբ ռուսները համարվել են քաղբանտարկյալներ։ Իրավապաշտպանները Ռուսաստանի իշխանությանը կոչ են արել ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին եւ չեղարկել ռեպրեսիվ օրենքները։




























