ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ քննարկեցինք քաղաքային բարեփոխումների հետ կապված հարցեր։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա նաեւ նշել է. «Քննարկումների առանցքը Երևանում մունիցիպալ ոստիկանություն ստեղծելն էր՝ որպես պարեկային ոստիկանության ռեֆորմների շարունակություն։

Մայրաքաղաքում կան բազմաթիվ ոլորտներ, որոնք կանոնակարգման անհրաժեշտություն ունեն՝ մունիցիպալ ոստիկանության միջոցով: Մասնավորապես՝ փողոցային առևտրի կանոնակարգման, չնախատեսված վայրերում աղբ թափելու, ապօրինի շինարարության, ապօրինի գովազդների տեղադրման, հասարակական տրանսպորտի ուղեգծերի ու ավտոկայանատեղիների կանոնակարգման և հասարակական կարգի պահպանության ուղղությամբ:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան իրավապահ համագործակցության բաժնի ղեկավար Ալեքսիս Հաֆթվանին իր հերթին կարևորեց Երևանի քաղաքապետարանի նախաձեռնած բարեփոխումները՝ ընդգծելով, որ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը պատրաստ է աջակցել համայնքին՝ միասնական քաղաքականության մշակման ու արդյունավետ համակարգ ստեղծելու հարցում:

Հանդիպման արդյունքում ձեռք բերվեց պայմանավորվածություն մշակել գործողությունների փաթեթ, որը կներառի հստակ ոլորտները, վարչությունների գործառույթները, կանոնադրությունն ու անհրաժեշտության դեպքում նաև օրենսդրական փոփոխությունները»: