Եվրամիության ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու գործընթացի առումով Հայաստանն ակտիվ փուլ է մտել, խնդիրների առնվազն կեսը լուծվել են: Այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում կազմակերպված քննարկման ժամանակ՝ ներկայացնելով «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախնական նախագիծը, նշել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

Հաջորդ տարի նախատեսվում է ավիացիոն ոլորտին տրամադրել  1.6 մլրդ դրամ:

«Այս ոլորտում բավականին ակտիվ փուլ ենք մտել՝ սև ցուցակից դուրս գալու գործընթացի առումով: Եվ լուծել ենք մեր առջև եղած խնդիրների առնվազն կեսը, զբաղվում ենք մյուս կեսի լուծմամբ. վերապատրաստումներ, տարբեր գործընթացներ, որոնց համար նաև գումարներ են նախատեսված »,-ասաց Սանոսյանը:

Նախարարի գնահատմամբ՝ հիմա ոլորտը բավական արագ զարգացման տեմպ ունի:

Հայկական ավիացիան Եվրամիության «սև ցուցակում» էր հայտնվել 2020 թվականի հունիսից: Արգելվել էր բոլոր հայկական ավիափոխադրողների մուտքը ԵՄ օդային տարածք: