Ադրբեջանական կյանի կողմից վերահսկվող ԶԼՄ-ն «պարզաբանել է» Աղդամով Լեռնային Ղարաբաղ մատակարարումների պայմանները։
Haqqin.az-ում հրապարակված հոդվածում հեղինակը հարց է բարձրացնում․ ինչպե՞ս Աղդամով բեռներ հասցնել։
«Ու թեև ադրբեջանական կողմն առայժմ մանրամասներ չի հրապարակում, բայց արդեն հիմա կարելի է պնդել, որ Հաքարիի կամրջի մոտ շարված հայկական բեռնատարները չեն կարող օգտվել ոչ միայն Լաչին-Խանքենդի (Ադրբեջանում այսպես են անվանում Ստեփանակերտը) ճանապարհը, այլև Աղդամ -Ասկերան - Խանքենդի մայրուղին։ Քանի որ այս ճանապարհներին հասնելու համար նրանք պետք է Ադրբեջանի սահմանն անցնեն այլ ուղղությունից (Ղուբաթլուի, Քելբաջարի կամ Ղազախի կողմից), ինչը ներկայումս անհնար է։ Ուստի, անհրաժեշտ բեռները Խանքենդի հասցնելու համար հայ անջատողականները կամ ԿԽՄԿ-ն որպես հումանիտար օգնություն պետք է դրանք գնեն անմիջականորեն ադրբեջանական մատակարարողներից և Աղդամով հասցնեն հայերին։ Մյուս տարբերակը բեռները Ռուսաստանից գնացքով հասցնել մինչև Բարդա, այնտեղից էլ ավտոտրանսպորտով Աղդամով բերել Խանքենդի։ Հաշվի առնելով, որ ներկայումս ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի մատակարարումը Հայաստանից դադարեցված է, այս տարբերակի օգտագործումն ավելի խելամիտ է թվում։
Այդուհանդերձ, կարևոր է նկատի ունենալ, որ խոսքը սահմանափակ ծավալով մարդասիրական բեռների մասին է։ Իսկ որպեսզի հնարավոր լինի կենսական կարևորության այնպիսի մթերքներ ստանալ, ինչպիսիք են վառելիքը, էլեկտրաէներգիան և բնական գազը, Ղարաբաղի հայերը պետք է ուղղակի դիմեն Ադրբեջանի պաշտոնական կառույցներին։ Այլ կերպ ասած, այդ մարդիկ պետք է սկսեն Խանքենդիում ինքնահռչակ անջատողական ռեժիմի և ապօրինի զիված կազմավորումների վերացման գործընթացը և համաձայնեն ադրբեջանական քաղաքացիություն ստանալ»,- ասվում է հոդվածում։
Ինչպես երևում է հոդվածի այս հատվածից, ռուսաստանյան խաղաղապահ զորախումբը, որոնց հետ մարդասիրական բեռների տեղափոխման բանակցությունների հույս էր դրել Հայաստանի կառավարությունը, ինքը չի կարողանում ապահովել իրեն անհրաժեշտ բեռների փոխադրումը։
Մտահոգություն է առաջացնում այն, որ ադրբեջանական ԶԼՄ-ներում գնալով ավելի հաճախ են հայտնվում «զինաթափման» մասին հայտարարությունմերը, և միանգամայն պարզ է, թե ինչ է ենթադրում դա։ Ընդհանուր առմամբ, Ալիևին ենթակա ԶԼՄ-ի նկարագրած սխեման բավականին անկեղծորեն շանտաժ է առաջարկում՝ «սով կամ քաղաքացիություն»։ Հիշեցնենք, որ Արցախում կտրականապես մերժել են Աղդամով մատակարարումների գաղափարը և անգամ բետոնե պատնեշներ են տեղադրել։





























