Երևանում այսօր՝ հուլիսի 31-ին, ՄԱԿ–ի գրասենյակի մոտ բողոքի ակցիա իրականացնող երիտասարդներին հայտնել են, որ իրենց նամակը փոխանցվել է ղեկավարությանը։

Ակտիվիստ Նարեկ Այվազյանը նշեց, որ իրենց նամակն արդեն փոխանցվել է հայստատանյան գրասենյակի ղեկավարությանը, սակայն դեռ չեն կարող ասել, թե երբ պատասխան կլինի։

«Խնդրել ենք, որպեսզի փորձեն գոնե մոտավոր ժամկետ նշել, թե երբ կլինի մեր նամակի պատասխանը»,– ասաց Այվազյանը։

Մինչ այս մոտ 20 րոպեով ակցիայի մասնակիցները փակել էին ՄԱԿ գրասենյակի բոլոր մուտքերն ու ելքերը։ Այվազյանը հայտարարեց նաև, որ մինչ օրս Ազատության հրապարակում ժամը 19։00-ից սկսվող իրենց հանրահավաքներն այսուհետ տեղափոխվում են ՄԱԿ գրասենյակի մոտ։

Նշենք, որ օրեր առաջ, երբ բազմաթիվ քաղաքացիներ պարենամթերք էին բերել ՄԱԿ-ի գրասենյակի մոտ, դրանք շարունակում են այդպես էլ դրված մնալ դարպասների և ճաղերի մոտ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին, որը մեկնում էր Հայաստան վիրահատման, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։