Տեղի է ունեցել հեռախոսազրույց Վլադիմիր Պուտինի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ։
Շարունակվել է երկխոսությունը ռուս-թուրքական բազմապլան համագործակցության տարբեր ուղղությունների մասին։
Մասնավորապես, Վլադիմիր Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի սկզբունքային դիրքորոշումը սեւծովյան նավահանգիստներից ուկրաինական հացահատիկի դուրսկրման «փաթեթային» համաձայնագրերի գործողությունը դադարեցնելու եւ ռուսական մթերքների ու պարարտանյութերի մատակարարումներն արգելափակելու հարցում։ Նշվել է, որ «հացահատիկի գործարքի» ռուսական մասի իրականացման գործում առաջընթացի լիակատար բացակայության պայմաններում դրա հերթական երկարացումը կորցրել է իմաստը։ Հաստատվել է Ստամբուլի պայմանավորվածություններին վերադառնալու պատրաստակամությունը, հենց որ Արեւմուտքը գործնականում կատարի ստանձնած բոլոր պարտավորությունները Ռուսաստանի առջեւ, տեղեկացրել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Ընդգծվել է, որ հաշվի առնելով պարենի առավել շատ կարիք ունեցող երկրների պահանջները՝ կատարվում է ռուսական ցորենի մատակարարումների հուսալի տարբերակների մշակում, այդ թվում անհատույց հիման վրա։ Այս հարցը առարկայորեն քննարկվել է Սանկտ Պետերբուրգում, Ռուսաստան-Աֆրիկա երկրորդ գագաթաժողովում։ Կա փոխգործակցության տրամադրվածություն այս ուղղությամբ Թուրքիայի եւ շահագրգիռ այլ պետությունների հետ։
Ռուս-թուրքական գործընկերության օրակարգի քննարկման ժամանակ ղեկավարները կենտրոնացել են առեւտրատնտեսական կապերի հետագա զարգացման, էներգետիկայի ոլորտում համատեղ ռազմավարական նախագծերի իրականացման, ինչպես նաեւ զբոսաշրջային ոլորտում համագործակցության զարգացման վրա։ Ապրանքաշրջանառությունը 2022թ. արդյունքներով ավելացել է գրեթե կրկնակի։
Էրդողանը երախտագիտություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը եւ ժողովրդին Թուրքիայի Հանրապետության տարածքում անտառային հրդեհների մարմանն աջակցելու համար։
Պայմանավորվել են շարունակել շփումները տարբեր մակարդակներում, այդ թվում երկու ղեկավարների հնարավոր հանդիպման նախապատրաստման համատեքստում։





























