Այս պահին Արցախում ամենասուրը հացի խնդիրն է, հերթեր են գոյանում, հացի ոչ բոլոր արտադրամասներն են աշխատում, իսկ խանութները դատարկ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանը:

«Արդեն ամեն մեկն իր անձնական նկուղում ինչ ունի, դա է, միայն հացի հերթեր են, մնացածը չկա: Մեկ էլ ժամանակ առ ժամանակ խանութներին ծխախոտ են տալիս վաճառելու, այդ ժամանակ էլ է հերթեր գոյանում: Սպառման այլ ապրանք չկա վաճառքի, որ հերթեր գոյանա:

Մենք տեսնում ենք, որ հղի կանանց մոտ է խնդիրներ առաջանում, երեխաների մոտ է վիտամինի պակաս առաջանում: Մանկական կերի խնդիր կա, դեղորայք շատ քիչ է»,-ասաց նա:

Անդրադառնալով տեղեկություններին, որ Բրատիսլավայում օգոստոսի 1-ին նախատեսված էր Բաքու-Ստեփանակերտ հանդիպում, սակայն Ադրբեջանը հրաժարվել է, Բաքուն առաջարկել է հանդիպել Եվլախում, Դավիթ Գալստյանն ասաց, որ նման տեղեկություններ իրենք չունեն. «Հաշվի առնելով այս իշխանությունների գործելաոճը, նաեւ ենթադրել է, որ սա արվում է միտումնավոր, այս խնդիրները ստեղծում են միտումնավոր, որ վերջում գնան Ադրբեջանի հետ երկխոսեն կամ Ակնայի (Աղդամ-խմբ) ճանապարհը բացեն, Ակնայից հումանիտար օգնություն փորձեն բերել՝ հիմնավորելով, որ դա ժողովրդի պահանջն էր, իշխանության որոշումը չէր: Նրանք հույս ունեն, որ դրանով կմեղմեն իրենց հետագա պատասխանատվությունը, բայց ես կարող եմ վստահեցնել, որ նման բան չի լինելու: Թե ստեղծված իրավիճակի համար, թե հետագայում ստեղծվելիք իրավիճակների համար պատասխանատու են այս իշխանությունները: Երբ պարբերաբար բեռնափոխադրումներ էին իրականացվում, այս իշխանությունները որոշեցին գարեջուր, կետչուպ ու մայոնեզ ներկրել, ճիշտ չգնահատեցին իրավիճակը, բիզնես ծրագրով իրենց մոտեցումները ցուցաբերեցին, որի հետեւանքով հայտնվեցինք այս իրավիճակում:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Արայիկ Հարությունյանը չի կարողանում պետական կառավարչի վարքագիծ դրսեւորել եւ շարժվում է բիզնես ծրագրի կյանքի կոչելով»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչ-որ պահի իսկապես Աղդամ-Ստեփանակերտ ուղին գործի, նա արձագանքեց. «Երբ պարտված իշխանություններ ես ունենում, Ադրբեջանը դա հասկանում է եւ համոզված է, որ պարտված իշխանությունները քայլ առ քայլ զիջումների գնալով կատարում են իրենց կամքը: Մինչեւ չձերբազատվենք պարտված իշխանություններից, նման քայլերն անխուսափելի են: Բեկում կարող  էմտցնել առաջնորդի փոփոխությունը: Չնայած Արայիկ Հարությունայնն յդպես էլ առաջնորդ չդարձավ, բայց որպես Արցախը ներկայացնող իշխանություն, նա չի կարող ճիշտ քայլերով դուրս գալ այս իրավիճակից:

Այսօր բեկում կարող է լինել Արցախի իշխանությունների հրաժարականի դեպքում: Մնացած բոլոր պարագաներում մեզ տանում են կամաց-կամաց համակերպվելու ստեղծված իրավիճակի հետ եւ ընդունելու ադրբեջանական հերթական պահանջները»: