Իզմայիլի նավահանգստի ենթակառուցվածքի վրա գիշերային հարձակման ժամանակ ռուսաստանյան ուժերը ոչնչացրել են մոտ 40 հազ․տոննա հացահատիկ, որին սպասում էին աֆրիկյան երկրները, Չինաստանը և Իսրայելը, ասել է Ուկրաինայի փոխվարչապետ և ենթակառուցվածքների նախարար Ալեքսանդր Կուբրակովը։

Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը հարվածներ է հասցրել    պահեստների և հացահատիկով ամբարձիչների վրա, ամենամեծ ավերությունները եղել են Իզմայիլ նավահանգստում, վնասվել է ծովային կայարանը և ուկրաինական Դանուբյան նավագնացության ենթակառուցվածքը, որը Դանուբով ուկրաինական առանցքային բեռնափոխադրողն է։

«Սրանք այն նավահանգիստներն են, որոնք այսօր դարձել են համաշխարհային պարենային անվտանգության հիմքը։ Ուկրաինական հացահատիկը անփոխարինելի է աշխարհի համար և առաջիկա տարիներին այն չի կարող փոխարինվել որևէ այլ երկրի կողմից։ Այդ իսկ պատճառով լոգիստիկ շղթայի ցանկացած խաթարում առաջացնում է դեֆիցիտ և գների կտրուկ աճ, որոնք ազդում են աշխարհի յուրաքանչյուր մարդու վրա», - ասել է Կուբրակովը:

Նա կոչ է արել համաշխարհային գործընկերներին օգնել Ուկրաինային լրացուցիչ հակաօդային պաշտպանության միջոցներով՝ պարենային անվտանգությունն ապահովող  ենթակառուցվածքները պաշտպանելու համար։

Օգոստոսի 2-ի գիշերը Ռուսաստանի զինված ուժերը «Շահեդ-136» հարվածային անօդաչու սարքերով գրոհել են Օդեսայի հարավային շրջանը՝ ներառյալ Իզմայիլ նավահանգստային ենթակառուցվածքը։