Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայաստանյան այցից եւ հայանպաստ հայտարարություններից հետո թուրքական որոշ շրջանակներ փորձում են ցեխ շպրտել Ֆրանսիայի վրա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հայաստանի ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիայի թղթակից-անդամ Աշոտ Մելքոնյանը` մեկնաբանելով Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետզոտությունների բաժնի ղեկավար, պրոֆեսոր Քեմալ Չիչեքի հայտարարությունը, թե 1920թ. Սեւրի պայմանագրից հետո Կիլիկիայում ֆրանսիական զինվորները բռնություններ են գործադրել հայերի նկատմամբ:

«1920թ. օգոստոսի 4-ին, երբ Միհրան Տամատյանը հռչակեց Կիլիկիայի հանրապետություն, Ֆրանսիական պրոտեկտորատը, որն օկուպացրել էր Կիլիկայի տարածքը, հավանություն չտվեց հայերի այդ գործողությանը: Եւ դրա համար լուծարեցին այդ հռչակված հանրապետությունը, իսկ Միհրան Տամատյանին իշխանությունից հեռացրեցին»,- նշեց Աշոտ Մելքոնյանը եւ հավելեց. «Այդ հանգամանքը ուզում են օգտագործել եւ, մանավանդ հիմա` Ֆրանսիայի հայանպաստ հայտարարությունների պայմաններում ուզում են ցեխ շպրտել Ֆրանսիայի վրա»:

Ըստ պատմաբանի, դա ընդամենը հայ-ֆրանսիական բարեկամությունը խաթարելու փորձ է, որը պատմական հիմնավորում չունի: «Դրանք բռնություններ չեն եղել, ուղղակի կանխել են հայկական պետության ստեղծումը` դա իրատեսական չհամարելով»,- նկատեց Աշոտ Մելքոնյանը:

Նշենք, որ Թուրքիայի պատմագիտական ընկերության հայկական հետզոտությունների բաժնի ղեկավար, պրոֆ. Քեմալ Չիչեքը թուրքական Haberturk-ին է ներկայացրել ԱՄՆ ազգային արխիվից հանած եւ 1920-ի հոկտեմբերի 4 ամսաթվով թվագրված նամակ, որտեղ նկարագրվում է՝ Սեւրի պայմանագրից հետո Կիլիկիայում ֆրանսիական զինվորների կողմից հայերի հանդեպ բռնություններ կիրառելու փաստերը:

Թուրքական պարբերականի փոխանցմամբ՝  Ամերիկայի Հայաստանի անկախության համար կոմիտեի նախագահ Արշակ Մահտեսյանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլոսոնին ուղղված նամակում կցել է իզմիրցի հայ քահանա Մուշեղ Սերոբյանի նամակը: Նշվում է, որ ամերիկահայերը ԱՄՆ նախագահին բողոքել են, թե Սեւրի պայմանագրի կնքումից հետո ֆրանսիացիները Կիլիկիայից 100 հազար հայ են տարհանել եւ բնակեցրել թուրքերին:

«Ֆրանսիացիները ստիպում էին, որ հայկական ճամբարներում գտնվող 14 հազար հայերը հեռանային: Իսկ երբ հայերը մերժել են այդ առաջարկը, ֆրանսիացի զինվորները հրազենի փողերն ուղղել են հայերի դեմ: Հայ ազգային կոմիտեն միջամտել է եւ կանխվել է ֆրանսիացիների կողմից հայերի կոտորածները»,-նշվում է նամակում:

Թուրք պրոֆեսորը նշում է, թե հայերն ու ֆրանսիացիները համատեղ են գրավել Կիլիկիան՝ այնտեղ հայկական թագավորություն ստեղծելու համար, սակայն ֆրանսիացիներն ավելի ուշ զենքերն ուղղեցին հայերի դեմ՝ ստիպելով նրանց զինաթափվել եւ հեռանալ:  Պրոֆ. Չիչեքը նշում է, որ հայտնաբերած  2 էջանոց փաստաթղթում ներկայացված է հայերի բողոքն ընդդեմ Ֆրանսիայի: «Պատմության ընթացքում ֆրանսիացիները Միջին Արեւելքում իրենց շահերի համար օգտագործել են հայերին: Հիմա էլ իրավիճակը նույնն է»,-նշել է թուրք պրոֆեսորը: