Ադրբեջանի բանակի գեներալ-մայոր Հեյդար Փրիեւը պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի հրամանով ազատվել է զբաղեցրած պաշտոնից, գրում է ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթը եւ պարզաբանում, որ որոշ ժամանակ առաջ ՊՆ ղեկավարը Փրիեւին նշանակել էր Նախիջեւանի բանակային կորպուսի ղեկավարի տեղակալի պաշտոնում: Գեներալը կարճ ժամանակ անց ինքնակամ հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից, քանի որ չի կարողացել հանդուրժել «Նախիջեւանի խան» Վասիֆ Թալիբովի կողմից առաջ քաշված խոչընդոտները, գրում է «Ենի Մուսասվաթը»:
Նշվում է, որ Փրիեւի հրամաններով ղեկավարվող կորպուսի հրամանատարի` Քերեմ Մուստաֆաեւի եղբայրը` Նեմեթ Մուստաֆաեւը, գեներալի գործունեության համար լուրջ արգելքներ է ստեղծել: «Վասիֆ Թալիբովի կարգադրությունների հիման վրա` վերոնշյալ Նեմեթ Մուստաֆաեւը, ով չունի որեւէ զինվորական աստիճան եւ չի զբաղեցնում զինվորական պաշտոն, իրականացնում է Նախիջեւանի ինքնավար հանրապետության բանակի բոլոր սեւ գործերը: Փաստացի, գեներալին խանգարողը հենց կորպուսի հրամանատարի եղբայրն է եղել, դրա հետեւանքով մոտավորապես մեկշաբաթյա աշխատանքից հետո, գեներալը դուրս է եկել Նախիջեւանից եւ վերադարձել Բաքու: Նա հանդիպել է ՊՆ ղեկավար Սաֆար Աբիեւի հետ եւ ներկայացրել իրադրությունը: Նախարարն ամբողջությամբ ընդունել է նրա փաստարկները, ազատել զբաղեցրած պաշտոնից եւ այժմ նոր աշխատանք է առաջարկելու ՊՆ-ում», հաղորդում է «Ենի Մուսավաթ»-ը:
Վկայակոչելով իր հավաստի աղբյուրները` թերթը նաեւ նշում է, որ գեներալի եւ Նեմեթ Մուստաֆաեւի միջեւ անձնական թշնամանք է եղել, մասնավորապես նրանց միջեւ լեզվակռիվ է տեղի ունեցել այս տարվա հունիսի 26-ին նախիջեւանյան զորամասերից մեկում: Գեներալն իր մոտ է կանչել Ադրբեջանի բանակի օրվան նվիրված զորահանդեսից դժգոհ Նեմեթ Մուստաֆաեւին եւ մի շարք բարձրաստիճան սպաների ներկայությամբ կշտամբել ու վիրավորել նրան` զորահանդեսի վերաբերյալ արտահայտած բացասական կարծիքների համար:
Նշենք, որ գեներալ-մայոր Հեյդար Փրիեւը համարվում է Ադրբեջանի ՊՆ-ի բարեփոխությունների կողմնակից բարձրաստիճան սպաներից մեկը:




























