Թերթը գրում է, որ «Խոսքի իրավունք» միավորմանը Արտաշատից հայտնել էին, որ տեղի թիվ 4 միջնակարգ դպրոցում ուսուցիչներին ստիպում են ստորագրել մի փաստաթուղթ, որով նրանք իբր համաձայն են աշխատավարձի 25 տոկոս նվազեցման հետ:
«Ինչպես «Երկրին» տեղեկացրեց դպրոցի տնօրեն Անահիտ Սուլթանյանը, դա ընդամենը ծանուցագիր է եղել: Աշակերտների քանակի պակասի պատճառով` ֆինանսական ճեղքվածք է առաջացել: Ես ի՞նչ կարող եմ անել, եթե դպրոցի հաշվեհամարին ավելի քիչ գումար է նստել»,- բացատրեց նա:
Տնօրենը նաեւ տեղեկացրեց, որ ուսուցիչները ստանում են 80.000 դրամ աշխատավարձ, իսկ կրճատման արդյունքում այն կլինի 60.000 դրամ: Նա մեզ ծանուցագրի մի օրինակ ցույց տվեց. «Թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչ Կարինե Գեւորգյանին, ծանուցում: Հարգելի տիկին Գեւորգյան, տեղեկացնում ենք, որ դպրոցի բյուջեի սղության պատճառով 2011թ. հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին կատարվելու է մանկավարժական դրուքաչափի նվազեցում` 25 տոկոսի չափով` ՀՀ ԱՕ 25 հոդվածի համաձայն»:
Հարցին, թե հաջորդ տարի նույնպե՞ս աշխատավարձերը 25 տոկոսով ցածր կլինի, Սուլթանյանը պատասխանեց, որ դա կախված է հանգամանքից, թե որքան գումար կհատկացվի դպրոցին: «Ինչ ասեմ` տուժածներից մեկն էլ ես եմ»,- ասաց դպրոցի տնօրենը»,- գրում է «Երկիր»-ը:




























