Պետերբուրգում ձերբակալված Գեւորգ Ալիվորյանի փաստաբանը պնդում է, որ իր պաշտպանյալն անմեղ է: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց փաստաբան Զոհրաբ Ալիվորյանը, հետաքննությունը Ալիվորյանի մեղքը հաստատող այլ «ապացույցներ» չունի, քան նրա «խոստովանական» ցուցմունքը:
Հիշեցնենք, որ խոսքը հունիսի 5-ի գիշերը Կապուչինյան փողոցի «Նատալի» սրճարանում տեղի ունեցած միջադեպի մասին է: Ծեծկռտուքի արդյունքում վիրավորվել էր 22-ամյա ադրբեջանցի Ֆարիդ Նահմետովը: Սկանդալը կայանում է նրանում, որ տուժածը պնդում է, թե ոստիկանությունը հանցագործի հարցում սխալվել է:Միջադեպից մեկ օր անց անհայտ անձի նկատմամբ քրեական գործ էր հարուցվել, եւ միայն հունիսի 8-ին էին ձերբակալվել Ալիվորյան եղբայրները` Գեւորգն ու Գարիկը: Ձերբակալված երիտասարդներին խոշտանգել են, եւ սպառնալով բռնաբարությամբ, Գեւորգին ստիպել են «խոստովանական» ցուցմունք գրել: Գարիկին բաց են թողել, եւ ներկայումս նա վկայի կարգավիճակում է:
Վկային ծեծի ենթարկելու փաստով ոստիկանական բաժանմունքում քրեական գործ չեն հարուցել, ամեն ինչ վերագրելով «ձերբակալման ժամանակ դիմադրությանը»:Ոստիկանության «ջանքերը» կարելի է բացատրել: Խնդիրն այն է, որ ինչպես պնդում են տեղաբնակներևը, Ֆրունզեի շրջանում շատ են ադրբեջանցիները: Տվյալ պարագայում տուժել է ադրբեջանցի երիտասարդը, ով եւս, ըստ որոշ տվյալների, կապ չի ունեցել վեճի հետ, եւ ավելի շուտ, «միջոցներ են ձեռնարկվել» մեղավորներին անպայման գտնելու համար:Առաջիկայում կորոշվի Գեւորգի հետագա ճակատագիրը: Իսկ Գարիկ Ալվորյանը ներկայումս բուժման կուրս է անցնում Երեւանում:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա հայտնել է, թե ոստիկանների հետ «շփման» արդյունքում ձեռք է բերել ուղեղի ցնցում, կողոսկրի կոտրվածք: «Մեզ խեղդում էին եւ էլեկտրաշոկ կիրառում»,-պատմել է Գարիկը:Այդ երեկո եղբայրները գտնվել են սրճարանում, սակայն նկատելով, որ վիճաբանություն է սկսվում, շտապել էին լքել այն` տհաճ պատմության մեջ չներքաշվելու համար:


























