Թուրքմենստանի արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ, հաղորդում է «Ինտերֆաքսը»։

Այս մասին Մերեդովը հայտարարել է շաբաթ՝  ելույթ ունենալով «Կասպից ծով՝ խաղաղության և բարեկամության ծով» միջազգային համաժողովում, որը տեղի է ունենում Կասպից ծովի թուրքմենական ափին գտնվող «Ավազա» ազգային զբոսաշրջային ​​գոտում։

«Թուրքմենստանը համոզված է, որ այսօր գլխավոր խնդիրն է առավելագույնի հասցնել Կասպից ծովում ստեղծված համագործակցության մեխանիզմների օգտագործումը, որն արտացոլված է առաջին հերթին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայում։ Այդ աշխատանքների համակարգման առանցքային դերը վերապահված է մերձկասպյան երկրների արտաքին գործերի նախարարություններին»,- ասել է Մերեդովը։

«Անկեղծ ասած, Կոնվենցիայի ընդունումից  հինգ տարի անց   նկատելի արդյունքներ չենք կարող արձանագրել։ Այս իրավիճակը պետք է փոխել՝ օգտագործելով առկա հնարավորություններն ու ձևաչափերը։ Պետությունների ղեկավարների ձեռք բերած ամենակարևոր պայմանավորվածությունները պետք է ամբողջությամբ կատարվեն»,- ընդգծել է Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարը։

Այս կապակցությամբ Մերեդովը հիշեցրել է, որ «այս տարի Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ նախատեսվում է  մերձկասպյան երկրների արտգործնախարարների հանդիպում  անցկացնել»։

«Թուրքմենստանը ժամանակին դրական արձագանքեց այս նախաձեռնությանը և լիովին աջակցեց դրան։ Ցավոք, հանդիպումը դեռ չի կայացել։ Հույս ունենք, որ այն կանցկացվի մինչև տարեվերջ»,- ասել է Մերեդովը։

«Անհրաժեշտ ենք համարում վերոհիշյալ հանդիպմանը քննարկել առաջին հերթին Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի և մերձկասպյան երկրների կողմից ընդունված հնգակողմ այլ փաստաթղթերի դրույթների գործնական իրականացման հետ կապված հարցերը», ավելացրել է Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարը։