Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մշտապես ռազմավարական երկխոսություն են վարում տարբեր ձեւաչափերով։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
«Մենք հարուստ օրակարգ ունենք բոլոր ուղղություններով»,- նշել է նա ճեպազրույցում՝ պատասխանելով արեւմտյան լրագրողին, որը խնդրել է մեկնաբանել Ռուսաստանի նախագահի Չինաստան նախատեսվող այցը։
Ինչպես նշել է Վան Վենբինը, Պեկինը եւ Մոսկվան հետեւողականորեն առաջ են տանում երկկողմ համագործակցությունը, քննարկվում է հարցերի լայն շրջանակ, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում։ Պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ Սի Ծինփինի եւ Պուտինի ղեկավարությամբ «Չինաստանը եւ ՌԴ-ն անընդհատ համապարփակ ռազմավարական գործընկերություն կզարգացնեն նոր դարաշրջանում»։
Ինչպես հուլիսի վերջին հայտարարել էր Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, ՌԴ նախագահի այցը Չինաստան նախատեսվում է հոկտեմբերին, երբ տեղի կունենա «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը։





























