Իսրայելի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է Ադրբեջանի հետ ռազմական համագործակցության խորացման վերաբերյալ կարեւոր որոշում ընդունել, նշում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով Իսրայելի ռազմական աղբյուրներից ստացված տեղեկությունները: Աղբյուրը հայտնում է, որ խոսքը Իսրայելի եւ Ադրբեջանի միջեւ նոր ռազմավարական համագործակցության ձեւավորման մասին է:
«2008-ից սկսված քննարկումները դրական արդյունքերի են հանգեցրել: Պաշտոնական Բաքուն համաձայնվել է համագործակցել Իսրայելի հետ ռազմական եւ ռազմա-տեխնիկական ոլորտներում: Կան նաեւ հավաստի տեղեկություններ, որ Իսրայելը ռազմական հրահանգիչներ է ուղարկելու Ադրբեջան, ովքեր մասնակցելու են ադրբեջանցի զինծառայողների ուսումնառության գործընցթացին եւ վարժանքներին: Նրանք կարող են գործունեություն ծավալել որպես ադրբեջանցի հրամանատարների ռազմական խորհրդականներ: Ամենայն հավանականությամբ, այդ գործողություններով կդրվի ադրբեջանա-իսրայելական ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության նոր թռիչքի սկիզբը», -հայտնել է «Պոլիգոնը»:
Նշենք նաեւ, որ վերջին շրջանում դադարեցվել են հարաբերությունները Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ: Ավելին Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Հուլուսի Քըլըջը խորհորդ էր տվել պաշտոնական Բաքվին խզել հարաբերությունները Իսրայելի հետ: Իսկ Բաքուն փաստորեն եղբայրական Թուրքիայի խնդրանքին արձագանքում է Իսրայելի հետ ռազմական համագործակցության խորացման միջոցով:




























