Անցած գիշեր Վրաստանի սեւծովյա ափի Black Sea Arena համալիրի հանդիսատեսների մի մասը «The Killers» խմբի համերգի ժամանակ ցուցադրաբար հեռացել է, տեղեկացրել է «Новости-Грузия»-ն։

Հանդիսատեսներից մեկը, որը հետագայում պարզվել է, որ ռուսաստանցի է, «If you let me I’ll be your drummer tonight» պաստառ է պարզել երգից առաջ, որի ժամանակ խումբը սովորաբար թմբկահարի է կանչում դահլիճից։

Բրենդոն Ֆլաուերսը հարցրել է. «Որտեղի՞ց ես, Ռուսաստանի՞ց, եւ տղային բեմ է հրավիրել։ Դա ցավագին եւ ագրեսիվ ռեակցիա է առաջացրել դահլիճի մի մասում։

«Դուք մարդկանց բաժանում եք ըստ ազգությա՞ն։ Մենք, ի՞նչ է, եղբայրներ չե՞նք»,- հարցրել է երգիչը բեմից։

Մյուսները գրել են, որ  դահլիճում վրացի դրամեր կար, որի հանդեպ փորձում էին ուշադրություն հրավիրել, բայց Ֆլաուերսը նրան չի նկատել։

Այնուհետեւ համերգը շարունակվել է, մեծ մասը մնացել է դահլիճում, հանդիսատեսները մեկ պարում էին, մեկ վանկարկում՝ «Սաքարթվելո», մեկ սուլում էին, իսկ երաժիշտները երկու անգամ բեմ են եկել բիսից հետո։

Համերգից հետո խումբը հանդես է եկել հայտարարությամբ։

«Սիրելի վրացի ժողովուրդ, մենք չէինք ուզում որեւէ մեկին վիրավորել։

Մենք վաղեմի ավանդույթ ունենք՝ մարդկանց հրավիրել նվագելու հարվածային գործիքների վրա։ Բեմից թվում էր՝ մարդկանց առաջին ռեակցիան վկայում էր այն մասին, որ մարդը, որին հրավիրեցինք բեմ դահլիճից, ընդունելի էր։

Մենք հասկանում ենք, որ մեկնաբանությունը, որը պետք է արվեր, այն մասին, որ հանրությունը եւ The Killers-ի երկրպագուները «եղբայրներ եւ քույրեր են», ճիշտ չի հասկացվել։ Մենք չենք ցանկացել վիրավորել որեւէ մեկին եւ ներողություն ենք խնդրում։ Մենք ձեզ հետ ենք եւ հույս ունենք շուտով վերադառնալ»։

Միաժամանակ հանդիսատեսներից ներողություն է խնդրել Black Sea Arena համերգային համալիրը՝ ընդգծելով, որ կապ չունի բեմում արտիստի գործողությունների հետ։

«Բայց մենք հասկանում ենք պատասխանատվության մեր բաժինը, անկեղծ ներողություն ենք խնդրում... Ռուսաստանն օկուպանտ է»,- նշվել է հայտարարությունում։