Ռուսաստանի նախկին օլիգարխ Բորիս Բերեզովսկին անգլիական «Չելսի» ակումբի սեփականատեր, նույնպես ռուս օլիգարխ Ռոման Աբրամովիչին մեղադրում է իր վստահությունը չարաշահելու եւ պայմանագրերի պայմանները խախտելու մեջ: Բերեզովսկին, Լոնդոնի առեւտրային դատարանում, Աբրամովիչից պահանջել է ավելի քան 6 մլրդ դոլար, նրան անվանելով «ավազակ»:
Հանդես գալով դատարանի դահլիճում (վատ անգլերենով, երբեմն դիմելով թարգմանչի օգնությանը), Բերեզովսկին հայտարարել է, որ Աբրամովիչը 2000 թվականին պարտադրել է իրական գնից անհամեմատ ցածր գնով իրեն վաճառել նավթային «Սիբնեֆտ» ընկերության իր բաժինը: Նրա խոսքով, այդ ժամանակ Աբրամովիչը իրեն ներկայացրել է որպես Վլադիմիր Պուտինի մարդ, ով նոր էր ՌԴ նախագահ դարձել: Աբրամովիչի փաստաբանը հերքելէ Բերեզովսկիի բոլոր փաստարկները, հայտարարելով, որ հայցվորը հիմարություններ է դուրս տալիս:
«Սկզբում նա (Աբրամովիչը) թաքնվում էր Պուտինի հետեւում, ասելով. «Դա ես չեմ, դա Պուտինն է»,- ասել է Բերեզովսկին, հաղորդում է BBC-ն:
Նա հավելել է, որ հետագայում «Աբրամովիչն արդեն չէր հիշում Պուտինի անունը, քանի որ ինքն արդեն, ինձ ցավալի է դա ասել, բայց նա կայացել էր որպես ավազակ (gangster)»:
Աբրամովիչը հերքում է Բերեզովսկիի բոլոր մեղադրանքներն իր հասցեին եւ չի կարծում, թե նա իրավունք ունի փոխհատուցում պահանջել իր կրած վնասների համար: Նա պնդում է, որ ժամանակին միլիոնավոր դոլլարներ է վճարել Բերեզովսկիին, բայց որպես «քաղաքական կնքահայր», այլ ոչ որպես գործընկեր:
Լոնդոնի առեւտրային դատարանում, այս գործով լսումները կտեւեն եւս 2 ամիս:




























