Հայաստանի ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ը դարձել է դատափորձագիտական ինստիտուտների եվրոպական ցանցի (ENFSI- European Network of Forensic Science Institutes) լիիրավ անդամ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Փորձաքննությունների ազգային բյուրոյի» մամուլի քարտուղար Լանա Մշեցյանից:
Փորձաքննությունների ազգային բյուրոն շուրջ չորս տարի իրականացրել էր բավականին լուրջ եւ դժվարին նախապատրաստական աշխատանքներ ENFSI-ին անդամակցելու պահանջներին կազմակերպության գործունեությունը /կարողություններ, իրականացված գործառույթների որակ եւ քանակ, ներդրված որակի համակարգ եւ այլն/ համապատասխանեցնելու համար:
Այդ նպատակով սույն թվականի օգոստոսի 30-ին ստուգայցով Փորձաքննությունների ազգային բյուրո էին ժամանել ENFSI-ի ներկայիս խորհրդի նախագահ Պավել Ռիբիցկին եւ ENFSI-ի Որակի եւ իրավասության կոմիտեի նախագահ Քրիստինա Բերտլերը ՝ հավաստիանալու եւ համոզվելու, թե որքանո՞վ է կազմակերպությունը համապատասխանում ENFSI-ին անդամակցելու պահանջներին: Ստուգայցի վերջում ENFSI-ի ներկայացուցիչները դռնփակ քննարկումից հետո արդյունքները դրական էին գնահատել, սակայն վերջնական որոշումը պետք է կայացներ ENFSI-ի 15-րդ խորհուրդը:
Սա հնարավորություն է տալիս դատափորձագիտական բնագավառում ընդլայնել համագործակցության հնարավորությունները այլ եվրոպական դատափորձագիտական կազմակերպությունների հետ, իրականացնել տվյալների եւ փորձի փոխանակում, ներգրավվել նոր գիտահետազոտական ծրագրերում, ձեռքբերել նոր գիտամեթոդական ձեռնարկներ եւ այլն:




























