Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը պարզաբանում է տարածել իր դստերը տեսախցիկի առջեւ հոգեկան եւ ֆիզիկական բռնության ենթարկած Աննա Արեւշատյանի ընտանիքի վերաբերյալ։

«2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /նախկին մարզպետարանի/  ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն իր  իրավասությունների, Գավառի համայնքապետարանի, ՄՍԾ Գավառի տարածքային կենտրոնի, ՀՀ ոստիկանության  Գեղարքունիքի մարզային վարչության Գավառի բաժանմունքի,  մարզի հասարակական կազմակերպությունների,  ինչպես նաեւ ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոնի  հետ համագործակցված զբաղվել է Գավառ քաղաքում վարձակալությամբ բնակվող Աննա Արեւշատյանի ընտանիքի  խնդիրներով։ 

Կատարված աշխատանքների վերաբերյալ առկա են նաեւ համապատասխան  փաստաթղթեր։

Այդ ժամանակահատվածում ընտանիքի խնդիրները մշտապես գտնվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի /մարզպետարանի/ ուշադրության կենտրոնում։ Տրամադրվել է դրամական եւ սոցիալ-հոգեբանական աջակցություն, պարբերաբար կազմակերպվել են տնային այցեր։

2023 թվականի մայիս ամսից ընտանիքը տեղափոխվել է։

Հետեւաբար Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումները չէին կարող Աննա Արեւշատյանի ընտանիքի վերաբերյալ որեւէ տեղեկատվության տիրապետել»,- ասվում է հաղորդագրությունում։