Հայ ազգային կոնգրեսը հրաժարվել է արտահերթ ընտրությունների պահանջից: Այդ մասին, հոկտեմբերի 12-ին, լրագրողների հետ զրույցում հայտնել է Հայաստանի ժողովրդական կուսակցության քարտուղար Ֆելիքս Խաչատրյանը:

Վերջինս լրագրողների զարմացած արձագանքից հետո մանրամասնեց, որ խոսքը վերաբերում է միայն խորհրդարանականին, մինչդեռ արտահերթ նախագահական ընտրությունների պահանջը վերաձեւակերպել են նախագահի հրաժարականի պահանջով։

«Մի օր պահանջում եք խորհրդարանական, մյուս օրը նախագահական ընտրություններ»,- արձագանքեց Ռաֆիկ Պետրոսյանը եւ հավելեց. «Խորհրդարանն ու հանրապետության նախագահը դա նույն մարդիկ են, ըստ էության, պահանջեք երկուսի հրաժարականը։ Խորհրդարանում նախագահն ունի մեծամասնություն, ուրեմն խորհրդարանը նախագահինն է»։

«Նույն թիմն են դատողություններով, ախորժակներով»,- թեժ բանավեճն ավելի թեժացրեց ՀԺԿ քարտուղարը:

Հարցին, թե ի՞նչ մեխանիզմներով են հասնելու նախագահի անվերապահ հրաժարականին, Ֆելիքս Խաչատրյանը հիշեցրեց Լատվիայի օրինակը: «Լատվիայի նախագահը ո՞նց հրաժարական տվեց, կուլտուրական: Ուզում ենք, որ մեր երկիրն էլ Լատվիա դառնա»,- նշեց նա: 

Հայ ազգային կոնգրեսի անդամը նշեց, որ ժողովուրդը պետք է ոտքի կանգնի եւ իշխանություններին ասի, որ նրանք հանցագործ են, կերել են թոշակառուների փողերը:

«Դուք հենց հիմա մեղադրում եք եւ եթե չապացուցեք, քրեական պատասխանատվության կենթարկվեք»,- ահաբեկեց հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանը` հավելելով. «Դեռ հայտնի չի, թե ովքեր են կերել, դեռ կարող է պարզվել, որ դուք էլ եք կերել»։