Բուդապեշտը եւ Բաքուն քաղաքական համաձայնագիր են կնքել այն մասին, որ հետագայում Հունգարիա մատակարարվող ադրբեջանական գազի ծավալը կավելանա՝ հասնելով մոտ 1 մլրդ խորանարդ մետրի, 2023թ. վերջին եռամսյակում Հունգարիան կգնի 100 մլն խորանարդ մետր, հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն։
«Մենք վաղուց արդեն, ավելի քան մեկ տասնամյակ, համագործակցում ենք Ադրբեջանի հետ։ Այժմ կնքվել է պայմանագիր, որի համաձայն՝ այս տարվա չորրորդ եռամսյակում մենք Ադրբեջանից կգնենք 100 մլն խորանարդ մետր գազ։ Սակայն կնքվել է նաեւ հստակ քաղաքական համաձայնագիր, որ այն կվերաճի պայմանագրի մեկ միլիարդ խորանարդ մետր գազի մասին հաջորդ շրջանում»,- ասել է Սիյարտոն տեսաուղերձում, որը հեռարձակվել է սոցցանցում։
Նրա խոսքով՝ Հունգարիան նաեւ Ադրբեջանի հետ կնքել է պայմանագիր իր պահեստարաններում 50 մլրդ խորանարդ մետր ադրբեջանական գազի պահեստավորման մասին, մատակարարումն արդեն սկսվել է։
Հունգարիայի արտաքին գործերի նախարարը հիշեցրել է, որ վերջին տասնամյակին Բուդապեշտը հաճախ քննադատվել է Բրյուսելի կողմից «դեպի Արեւելք բաց լինելու» քաղաքականության համար, իսկ այսօր «արդեն ոչ մեծ չափազանցությամբ, Եվրամիության ամբողջ ղեկավարությունն է մշտապես այցելում Բաքու, եւ Եվրամիության ցանկացած ղեկավար շատ դեպքերում շատ բան կտար Ադրբեջանի նախագահի հետ մեկ լուսանկար ունենալու համար»։





























