Ադրբեջանի Զինված ուժերի օժանդակ ֆոնդը պարտադրանքով փող է հավաքում պետական հաստատությունների աշխատակիցներից, հաղորդում է ադրբեջանական «Պոլիգոն» գործակալությունը` վկայակոչելով աշխատակիցներից մեկի հաղորդած տեղեկությունները: Անունը հայտնել չցանկացող աշխատակիցը գործակալությանը հայտնել է, որ նախկինում եւս նման երեւույթներ են եղել, սակայն փողահավաքությունը նման զանգվածային չափերի երբեք չի հասել: «Այս անգամ յուրաքանչյուրից պարտադիր կերպով պահանջել են, որ իր աշխատավարձի որոշակի մասը փոխանցի ֆոնդի հաշվեհամարին: Իսկ դա նվազագույնը կազմում է 5 մանաթ (6.25 դոլար), իսկ առավելագույնը` 20 մանաթ (25 դոլար): Նախկինում մենք դիմում էին ստորագրում, թե իբր կամավոր կերպով գումար ենք հատկացնում Զինված ուժերի օժանդակ ֆոնդին, իսկ այս անգամ դիմում-միմում չենք ստորագրել: Փաստորեն, նրանք մեր տեղը դիմումն էլ են լրացրել»,-նշում է աշխատակիցը, մեջբերում է «Պոլիգոնը»:
«Ուշագրավ է, թե ինչու պետբյուջեի կողմից անվտանգության եւ պաշտպանության ոլորտին հատկացվող միջոցների ավելացմանը զուգահեռ պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւը թալանում պետական ծառայողներին: Եթե պետբյուջեն 1 միլիարդ 770 միլիոն դոլար է հատկացնում ՊՆ-ին, ապա ինչո՞ւ են կողոպտում կառույցի աշխատակիցներին»,-հարց է բարձրացնում ադրբեջանական գործակալությունը` հավելելով, որ մինչ օրս վերոնշյալ ֆոնդը 5 միլիոն մանաթ (6.25 միլիոն դոլար) գումար է հավաքել եւ հայտնի չէ, թե որտեղ եւ ինչի վրա են ծախսվում այդ փողերը:
Նշենք, որ Զինված ուժերի օժանդակ ֆոնդը ստեղծվել է 2002-ի օգոստոսի 17-ին Հեյդար Ալիեւի կարգադրությամբ: Դրա հիմնական նպատակն է օժանդակել բանակի ռազմա-տեխնիկական մակարդակի բարձրացմանը, ռազմական պատրաստվածության մոդեռանցմանը եւ այլ գործառույթների իրականացմանը:




























