Հայաստանում բնական եւ տեխնածին հրդեհները մեծ վնաս են հասցնում կենսաբազմազանությանը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նրա խոսքով՝ երկրում սկսել են վերանալ կենդանիների որոշ տեսակներ, խախտվում են էկոհամակարգերը, աղտոտվում են ջրային ռեսուրսները եւ այլն:
Խոսելով դաշտերում եւ գյուղատնտեսական հողերում բուսականության այրման բացասական հետեւանքների մասին՝ նա նշեց, որ հրդեհները հանդիսանում են Հայաստանի շրջակա միջավայրին, ինչպես նաեւ կենսաբազմազանությանը սպառնացող հիմնական մարտահրավերներից մեկը:
«Վերջին տարիներին մեր երկրում ավելացել է ջերմային ալիքների կրկնելիությունը։ Դրանք թափանցում են Հարավային լայնություններից։ Աճել է բնական հրդեհների առաջացման վտանգը։ Այնուամենայնիվ, ռիսկն էլ ավելի է մեծանում, երբ մեծանում է նաեւ մարդածին գործոնը»,-պարզաբանեց Սուրենյանը։
Նա նշեց, որ քամու առկայության կամ տեղումների բացակայության դեպքում նույնիսկ փոքր հրդեհը կարող է ներթափանցել հարակից խոտածածկ տարածքներ եւ առաջացնել խոշոր հրդեհ:





























