Ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր եւ Երեւան քաղաքի վարչությունների, Էրեբունիի բաժնի ծառայողները հոկտեմբերի 12-ին, ժամը 12.20-ի սահմաններում, ապօրինի թմրամիջոց պահելու կասկածանքով Երեւան քաղաքի Կռիլովի փողոցի թիվ 17 տան մոտից բերման են ենթարկել նախկինում 5 անգամ դատված, «Գարուշ» մականվամբ, 48-ամյա Կարո Մուրադյանին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրա մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է 5 մլ տարողության բժշկական ներարկիչ` ամբողջովին լցված մուգ շագանակագույն «ափիոն» տեսակի թմրամիջոցի լուծույթով:
Ըստ վերջինիս հայտարարության` հայտնաբերված թմրամիջոցը նույն օրը ինքը 20.000 դրամով ձեռք է բերել Ազատամարտիկների փողոցում բնակվող ոմն Տիգրանից: Ոստիկանության ծառայողներին հաջողվեց պարզվել է, որ Տիգրանը նախկինում 4 անգամ դատված, 33-ամյա Տիգրան Չավուշյանն է:
Նույն օրը, իր տան բակից ոստիկանություն է բերման ենթարկվել Տիգրան Չավուշյանը եւ եւս 5 անձ:
Տ. Չավուշյանի մոտից խուզարկությամբ հայտնաբերվել եւ առգրավվել է մոտ 27 գ «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն զանգված, 20 մլ տարողության բժշկական ներարկիչ` լցված 15 մլ յուրահատուկ հոտով քացախաթթվի անհիդրիդին նմանվող հեղուկով, 2 մլ տարողության 6 ներարկիչ` յուրաքանչյուրը լցված 0.5 մլ նմանատիպ հեղուկով, եւ էլեկտրական կշեռք:
Ըստ Տիգրան Չավուշյանի հայտարարության՝ հայտնաբերված մուգ շագանակագույն զանգվածը հանդիսանում է «ափիոն» տեսակի թմրամիջոց, իսկ յուրահատուկ հոտով հեղուկը` քացախաթթվի անհիդրիդ:
Առգրավվածներն ուղարկվել են փորձաքննության:
Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




























