Լեռնային Ղարաբաղի Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում 19-ամյա զինծառայող Յուրիկ Գեւորգի Ներսիսյանի մահվան փաստով հարուցվել է քրեական գործ քր.օր.-ի 110 հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը):

Հայաստանի ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ գործով առայժմ ձերբակալվածներ չկան:

Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, պաշտոնական վարկածով, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, 19-ամյա Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:

Վերջինս Խարբերդ գյուղի բնակիչ էր, ԼՂՀ պաշտպանության բանակ էր զորակոչվել Շենգավիթի զինկոմիսարիատից: Նախնական տեղեկություններով, նա հրազենային վնասվածք է ստացել դնչի հատվածում: Մեր աղբյուրը հայտնել էր, որ դեպքից քիչ առաջ վիճաբանություն է եղել Յուրիկ Ներսիսյանի եւ մարտական հենակետում գտնվող ծառայակիցների միջեւ: Վերջիններս ծեծել եւ ստորացրել էին զինվորին:

Նշենք, որ հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը: Նա մահվանից առաջ ձեռքի ափի մեջ գրել էր իրեն ծեծած եւ նվաստացրած զինծառայողների անունները: Մեր տեղեկություններով, գործով ձերբակալվել են երկու ժամկետային զինծառայողներ: