Լեհաստանում կալանավորվել է 19 մարդ, որոնք, կասկածվում են ռումբ պատրաստելու մեջ, հաղորդում է Associated Press-ը: Նշվում է, որ ձերբակալություններն իրականացվել են ողջ երկրով` Օսլոյում Բրեյվիկի կազմակերպած ահաբեկչությունից հետո իրականացվող արշավի շրջանակներում:

Հատուկ գործողության ընթացքում, խուզարկվել են ավելի քան 100 բնակարաններ, հայտնաբերվել է պայթուցիկի եւ քիմիական նյութերի զգալի քանակություն:

Քննության կարծիքով, կալանավորվածներից ոմանք հնարավոր է, կապ ունեն Նորվեգիայում տեղի ունեցած ահաբեկչությանը: Վարկածներից մեկի համաձայն, նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկին օգնել են ռումբ պատրաստելու հարցում խորհուրդներ տալով, հաղորդում է RB-ն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ կրկնակի ահաբեկչությունը Նորվեգիայում տեղի էր ունեցել հուլիսի 22-ին։ Սկզբում պայթյուն էր  տեղի ունեցել Օսլոյում`  կառավարական շենքերի մոտ,  իսկ մի քանի ժամ անց ոստիկանական համազգեստով տղամարդը  գնդակոծության էր ենթարկել մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Ուտոյա կղզում կառավարող Նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարը: Ողբերգությանը զոհ էր գնացել առնվազն 77 մարդ:

Ահաբեկիչը` 32-ամյա Անդերս Բրեյվիկը դատարանում հայտարարել էր, թե փորձել է փրկել Նորվեգիան: Ահաբեկչությունից առաջ նա համացանցում մանիֆեստ էր հրապարակել, որում դատապարտում էր բազմամշակութայնությունը  եւ առաջարկում  Եվրոպայից ոչ եվրոպացիների արտաքսման եւ իսլամի ճնշման իր պլանը: Նա  հայտարարել էր,  որ ունի Եվրոպայից, Հյուսիսային Ամերիկայից, Ավստրալիայից, Հարավային Աֆրիկայից, Հայաստանից, Իսրայելից եւ Հնդկաստանից  կողմնակիցների` «մշակութային պահպանողականների» 8000 էլեկտրոնային հասցեներ: