Ցանկացած երկխոսություն ավելի ընդունելի է քան երբ երկու այծերը գալիս են եւ մեկը մյուսին տեղ չի տալիս եւ երկուսն էլ ընկնում են ջուրը, եւ շահում է երրորդը: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը, անդրադառնալով ՀԱԿ-իշխանություն առկախված երկխոսությանը: Նա, սակայն, չմանրամասնեց, թե ով է երրորդ ուժը:

Ի դեպ, Անահիտ Բախշյանը զայրացավ լրագրողի` ՀԱԿ-«Ժառանգություն» հնարավոր համագործակցության վերաբերյա հարցից` ասելով. «Հերիք է այդ հարցը տաք եւ բոլորիդ է դա վերաբերում: Ես արդեն ասացի, որ երկխոսության կողմնակից եմ: Ես զարմանում եմ, որ այդ հարցը տալիս են»:

Անահիտ Բախշյանը նշեց, որ «Ժառանգությունում» կա հետեւյալ մոտեցումը` համագործակցություն ցանկացած քաղաքական ուժի հետ, ով ներքեւի հարթակից պահանջ կբարձրացնի. «Ընդամենը պետք է լսել ժողովրդին, շփվել եւ քննարկել: Չեմ կարող ասել հստակ, բայց հնչում են այդպիսի տեսակետներ: Երբ Րաֆֆի Հովհաննիսյանը հացադուլ էր անում, ժողովուրդը սպասում էր, որ կլինի ինչ-որ համագործակցության քայլ, սակայն Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմից այդպիսի  քայլ չեղավ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն հոկտեմբերի 5-ին, այցելել է Ազատության հրապարակ եւ զրուցել առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Իսկ դրանից առաջ` մարտին, Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ Տեր-Պետրոսյանն ու իր թիմակիցները չմոտեցան եւ չողջունեցին նույն վայրում հացադուլ հայտարարած Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչից հետո էլ Հովհաննիսյանը հայտարարեց, որ այդ փաստն ընդունում է ոչ թե «իբրեւ քաղաքական մշակույթի պակաս, այլ հստակ կեցվածք»: