Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, հոկտեմբերի 14-ին, տեղի կունենա Տելեբժշկությանն ու էլեկտրոնային առողջապահությանը նվիրված Առաջին հայկական միջազգային «ԱՐՄԵՆՏԵԼԵՄԵԴ. Ճանապարհ դեպի ապագան» կոնգրեսը:

Կոնգրեսը կազմակերպում է Տելեբժշկության հայկական ասոցիացիան (ՏԲՀԱ), Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի եւ Ինֆորմացիոն տեհնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ, UITE) հետ համատեղ: Ակնկալվում է, որ կոնգրեսին իրենց աջակցությունը կցուցաբերեն կառավարական կառույցները եւ մի շարք շահագրգիռ կազմակերպություններ, հիմնարկություններ եւ ձեռնարկություններ:

Կոնգրեսը կտեւի երկու օր, որի ընթացքում տեղի կունենան պլենար եւ գիտական նիստեր, փորձագիտական քննարկումներ եւ կլոր սեղաններ, կկարդացվեն հիմնարար դասախոսություններ տելեառողջապահության եւ հարակից ոլորտների համաշխարհային ճանաչում ունեցող առնվազն տասնհինգ փորձագետների կողմից (ցուցակները կհաստատվեն ավելի ուշ): Նախատեսվում են նաեւ կրթական ուղղվածության միջոցառումներ (Տելեառողջապահության միջազգային դպրոցի սեմինար), եւ, վերջապես, հայրենական եւ միջազգային ձեռնարկությունների ցուցահանդես:

Ակնկալվում է, որ կոնգրեսի մասնակիցների թիվը կանցնի երեք հարյուրից, ներառյալ առողջապահության կազմակերպիչները, կառավարական եւ բարձրաստիճան գործադիր այլ պաշտոնյաները, որոնք բոլորն ունեն իրենց ուրույն դերը առողջապահության ոլորտում տեղեկատվական եւ հեռահաղորդակցման տեխնոլոգիաների զարգացման եւ կայացման գործում, թե՛ Հայաստանում, թե՛ նրանից դուրս: