«Օրինաց երկիր» կուսակցությունը 2012թ մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին պատրաստվում է գնալ առանձին ցուցակով: Այս մասին այսօր` հոկտեմբերի 13-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ պատգամավոր, ՕԵԿ-ական  Խաչիկ Հարությունյանը: «Մենք բոլոր ընտրություններում գնացել ենք առանձին ցուցակով, սակայն եթե երկրի համար առաջանան կարեւոր խնդիրներ, որոնց լուծման համար անհրաժեշտ է համախմբում, այս դեպքում կարելի է համաձայնել կոալիցիայի հետ միասնական ցուցակով գնալու շուրջ, սակայն այս պահին այդպիսի խնդիր չկա»,- ասաց նա` հավելելով, որ  պատրաստվում են իրենց ներգրավածությունը մեծացնել ԱԺ-ում:

Ինչ վերաբերում է 2013թ նախագահական ընտրություններին, ապա կոալիցիոն հուշագիր ստորագրած ՕԵԿ ներկայացուցիչը նշեց, որ այդ ժամանակ իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը եւ չեն առաջադրելու սեփական թեկնածու:

Ասուլիսի մյուս բանախոսը` «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը նշեց, որ բոլոր քաղաքական ուժերը, եթե գնում են առանձին-առանձին, իրար մրցակից են: «Մնացած բոլոր ուժերը կարող են մեզ մրցակից լինել այն առումով, որ նրանք հնարավորություն ունեն կաշառք բաժանելու, մենք չունենք»,- նշեց նա` հավելելով, որւ եթե ունենային էլ այդպիսի հնարավորություն, միեւնույն է, չէին բաժանելու:

Նշենք, որ 2012թ մայիսին Հայաստանում կկայանան խորհրդարանական ընտրություններ, իսկ 2013թ` նախագահական: