Հայաստանի իշխանությունները կատարել են իրենց պարտականությունները, իսկ Հայ ազգային կոնգրեսը, ինչ-ինչ պատճառներով, իրական կամ մտացածին, փորձում է չկատարել իրենը: Այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի իշխող` Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Համլետ Հարությունյանը հոկտեմբերի 13-ին, կայացած մամլո ասուլիսի ընթացքում` մեկնաբանելով իշխանության եւ ՀԱԿ-ի միջև երկխոսության դադարեցումը:

Պատգամավորը հայկական ընդդիմությունը համեմատեց Թուրքիայի հետ` հայտարարելով, որ «Թուրքիան եւս այդպես է վարվում. Առիթ է փնտրում, որպեսզի ձախողի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»:

Համլետ Հարությունյանի կարծիքով` երկխոսությունը կարելի էր հանգիստ շարունակել` ձերբակալված ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման պահանջին զուգահեռ: «Տպավորություն է ստեղծվում, որ ՀԱԿ-ը ծաղրում է. մեկ երկխոսություն են ուզում, մեկ չեն ուզում, մեկ նստում են բանակցության սեղանի շուրջ, մեկ` չեն նստում»,-նշեց Համլետ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ իշխանության եւ ՀԱԿ-ի միջև երկխոսության դադարեցման պատճառ է հանդիսացել ՀԱԿ-ի երիտասարդ ակտիվիստների ձերբակալությունը եւ, մասնավորապես, իշխանության մերժումը Տիգրան Առաքելյանին ազատ արձակելու վերաբերյալ, ով մեղադրվում է ոստիկանի նկատմամբ բռնություն ցուցաբերելու մեջ: