Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամին հարցնել այն մասին, թե ում է աջակցելու ընտրությունների ժամանակ, նույնն է, ինչ նրան կասկածել դավաճանության մեջ: Այսպիսի միտք արտահայտեց ՀՀԿ-ական պատգամավոր Համլետ Հարությունյանը, հոկտեմբերի 13-ին, կայացած մամլո ասուլիսի ժամանակ:

Խորհրդարանականը նաեւ հայտարարեց, որ լրագրողներն անվերջ աքսիոմատիկ հարցեր են տալիս. «ՀՀԿ-ում կա 150 հազ. մարդ. եւ ի՞նչ, նրանցից յուրաքանչյուրը պետք է պատասխանի՞ այս հարցին», - տարակուսեց Հարությունյանը` ավելացնելով, որ համոզված է` եթե ՀՀԿ անդամը, ով կուսակցությունից հեռանալու հայտ չի ներկայացրել ու ձայնը չի տալիս կուսակցության թեկնածուին, ապա դա տարրական դավաճանություն է: Այս համատեքստում նա ընդգծեց, որ ՀՀԿ-ն ունի առաջնորդ, եւ կուսակցության անդամները կաջակցեն նրան:  Համլետ Հարությունյանի կարծիքով` նման կարգի ճշտող հարցերն անգամ վիրավորական են, քանի որ դավաճանության մասին ակնարկ են պարունակում:

Արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ շատ անդամների կարիերայի աճն սկսել է Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին, Համլետ Հարությունյանն ընդգծեց, որ դա ժխտելը ստորություն կլիներ: