Բագրատաշեն-Այրում ճանապարհին սողանքի հետեւանքով մահացած մարդկանց սոցիալական օգնության հարցը աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կարգավորման դաշտում չէ: Լրագրողների հետ ճեպզրույցում այսօր` հոկտեմբերի 13-ին, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը: Նրա խոսքով` աջակցության վերաբերյալ որոշում պետք է կայացնի կառավարությունը, իսկ թե ո՞ր գերատեսչությունը պետք է ներկայացնի այդ առաջարկությունը` նախարարը չգիտեր:

Սակայն նա խոստացավ պարզել, թե արդյոք զոհվածների ընտանիքները նախկինում ներառված եղե՞լ են սոցիալական աջակցության ծրագրերում, որի դեպքում միայն նախարարությունը կարող է օգնել:

Նախարարի պարզաբանմամբ` օրենքով սոցիալական օգնություն է ցուցաբերվում միայն այն դեպքում, երբ դժբախտ դեպքը տեղի է ունենում աշխատանքի վայրում: Իսկ աղետից տուժածներն, այդպիսով, սոցիալական օգնություն չեն ստանում, եթե կառավարությունը հատուկ որոշում չընդունի:

Հիշեցնենք, որ M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) հոկտեմբերի 2-ին տեղի է ունեցած  սողանքի պատճառով մահացել է 5 մարդ: