Թուրքիայի Իմրալը կղզում ցմահ բանտարկության դատապարտված Աբդուլլահ Օջալանը 7 ամիս անց կարողացել է հանդիպել իր եղբոր հետ եւ ուղերձ հղել:

Քրդական Firat գործակալության փոխանցմամբ՝  Մեհմեդ Օջալանը եղբոր հետ հանդիպումից հետո հայտնել է նրա ուղերձը՝ շեշտելով, որ Աբդուլլահ Օջալանի թե ֆիզիկական, թե հոգեկան վիճակը շատ լավ է:

«Պետությունը փորձում է այս իրավիճակից օգուտ ստանալ։ Մեզ հետ եղած հանդիպումներն էլ երկար ժամանակ է, ինչ կտրվել են։ Մենք բանակցություններում որոշակի կետի էինք հասել, սակայն հիմա դրանք փակուղում են գտնվում։  Տեղեկություն չունեմ, թե երբ կսկսեն կամ չեն սկսի բանակցությունները։ Սակայն սկսվելու դեպքում, ամեն ինչ կանեմ՝ արյունահեղության դեմն առնելու համար։  Թե քուրդ պարտիզանների, թե զինվորականների մայրերի արցունքները դադարացնելու համար պետությունը պետք է համարձակություն ցուցաբերի։ Չեն կարող այդ կոնտեքստում քրդերին անտեսել։  Նրանք դադարեցրեցին մեր բանակցությունները եւ շանտաժ են անում։ Սակայն ես իմ հիմա կրկին իմ ասածների հետեւում եմ»,-ասել է Օջալանն իր եղբոր միջոցով։

Նշենք, որ մոտ 3 ամիս է՝ Օջալանի փաստաբաններին տարբեր պատճառներով թույլ չեն տալիս հանդիպել նրա հետ։  Թուրքիայում եւ աշխարհի տարբեր երկրներում ապրող քրդերը թուրքական իշխանությունների այս քայլերի դեմ բողոքի ակցիաներ են կազմակերպում։