Թբիլիսիի Հավլաբար թաղամասի հրապարակում, այսօր` հոկտեմբերի 14-ին,  կբացվի «Միմինո» գեղարվեստական ֆիլմի հերոսների, Վալիկոյի (Վախթանգ Կիկաբիձե) եւ Ռուբիկի (Մհեր Մկրտչյան) արձանը, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:

Ինչպես գործակալությանը հայտնել են Վրաստանի քաղաքապետարանից, արձանի բացմանը ներկա կլինեն դերասաններ, քաղաքապետարանի սոցիալական ծառայության ղեկավար Մամուկա Քացարավան եւ արձանի հեղինակ, Ռուսաստանում գործող քանդակագործ Զուրաբ Ծերեթելին:

Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկատվությամբ, բացման պաշտոնական արարողությունը կսկսվի ժամը 17:00-ին:

Հիշեցնենք, որ «Միմինո» կատակերգական ժանրի գեղարվեստական կինոնկարը նկարահանվել է 1977 թվականին, Գիորգի Դանիելիայի կողմից:

Ֆիլմը սովետական կինովարձույթում 1978-ին գրավեց 17-րդ տեղը, հավաքելով 24.4 մլն հանդիսատես: Գլխավոր դերերում խաղում են Մհեր Մկրտչյանը եւ Վախթանգ Կիկաբիձեն: