Հոկտեմբերի 14-ին, 15-ին եւ 16-ին հանրապետության ողջ տարածքում տեղումներ չեն դիտվի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Հայպետհիդրոմետ» հիդրոօդերեւութաբանության կենտրոնի օթերեւութաբանական կանխատեսումների բաժնի պետ Գագիկ Սուրենյանը: Նրա խոսքով` առաջիկա երեք օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, որը պայմանավորված է Սեւ ծովից մեր տարածք տեղաշարժվող անտիցիկլոնային դաշտով, իսկ այսօրվա գործող ցիկլոնը գիշերվա ընթացքում կտեղափոխվի Կասպից ծով եւ տեղումները ամենուրեք կդարարեն:
«Ինչ վերաբերում է օդի ջերմային ֆոնին, ապա գիշերվա ընթացքում հանրապետության ողջ տարածքում ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով, ցերեկը` 1-2 աստիճանով, իսկ մնացած օրերին օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի սպասվում»,- ասաց նա` հավելելով, որ առաջիկա երեք օրերին մայրաքաղաքում ջերմաստիճանը գիշերային ժամերին կտատանվի 6-8 աստիճանի սահմաններում, ցերեկը` 20-22-ի սահմաններում:




























