Վանաձորում բնակարաններից մեկի մուտքի մոտ ռումբի պայթյունը, բնակարանի սեփականատերը համարում է իր որդուն վախեցնելու փորձ:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին, ժամը 23:00-ի սահմաններում, ոստիկանության Վանաձորի բաժին է զանգահարել Վանաձորի Աբովյան փողոցի 15 տան բնակչուհի Ռիմա Ղամբարյանը եւ  հայտնել, որ իր տան շքամուտքի մոտ անհայտ անձը ռումբ է պայթեցրել: Նշված հասցե են ժամանել ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները, ովքեր դեպքի վայրից գտել են նռնակի բեկորները եւ գործարկման օղակը:

Ռումբի պայթյունի հետեւանքով վնասվել է երկաթբետոնե նախաշեմը, մի քանի ապակիներ, ննջասենյակի եւ հյուրասենյակի պատերը, նաեւ նախամուտքի դուռը, բակում գտնվող կենցաղային իրերը:

«11 անց 15 էր, նստած ֆուտբոլ էինք նայում մեզ թվաց` երկրաշարժ էղավ, տղես դուրս էկավ, ասեց մամ, հլը նայի, դուռը կոտրած ա: Հետո ես էլ դուրս եկա, տեսա, որ բետոնի վրայի մեծ անցք ու դուռը տեղահան է արած»,-պատմել է տանտիրուհին` Ռիմա Ղամբարյանը, հավելելով, որ այս քայլով փորձել են վախեցնել իր որդուն:

Դեպքի առթիվ Լոռիի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեկան գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` անօրինական կերպով զենք-ռազմամթերք կրելու, գործածելու եւ հանրավտանգ եղանակով ուրիշի գույքը վնասելու հատկանիշներով: Կասկածյալներ ու մեղադրյալներ դեռեւս չկան:

Ռիմա Ղամբարյանը նախկին իրավաբան է, ու, ըստ նրա, այս դեպքը դժվար թե կապված լինի իր մասնագիտական գործունեության հետ:

Մահափորձի վարկածի  հետ կապված  քննիչ Բարսեղ Մուրադյանը որեւէ մեկնաբանություն չտվեց, ելնելով գործի նախաքննության շահերից: