Հայ Դատի Ամերիկայի գրասենյակը ողջունում է պատմության մեջ առաջին անգամ, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հրապարակային հաստատումը, որ ԱՄՆ կառավարությունը բարձր մակարդակով ակտիվորեն ճնշում է գործադրում Թուրքիայի կառավարության վրա, նպատակ ունենալով վերադարձնել առգրավված սեփականությունը կրոնական համայնքներին: Այս մասին գրում է «Asbarez»-ը:
ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այս խոստովանությունն արվել է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբին ուղղված գրավոր նամակում (այս տարվա օգոստոսի 15-ին): Մինչ այդ Հայ Դատի Ամերիկայի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը դիմել էր Քլինթոնին եւ իր մտահոգությունը հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ֆրենսիս Ռիկարդոնեի կողմից այդ երկրում քրիստոնեական եկեղեցիների քանակի վերաբերյալ սխալ բնորոշումների կապակցությամբ, որոնք պահպանվել են ցեղասպանությունից, էթնիկ զտումներից եւ մշակույթի կոթողների ոչնչացումներից հետո:
Քլինթոնն իր պատասխանում հայտարարել է. «Մենք շարունակում ենք Թուրքիայի առաջնորդներին փոխանցել այն կարեւորությունը, որը տալիս ենք Թուրքիայում կրոնական ազատություններին: Մենք նաեւ շարունակում ենք ամենաբարձր մակարդակով մեր անհանգստությունը հայտնել Թուրքիայի իշխանություններին, կապված առգրավված սեփականությունը կրոնական համայնքներին վերադարձնելու հետ: Այդ կապակցությամբ, մենք ուշադիր կհետեւենք Թուրքիայի կառավարության կողմից օգոստոսի 27-ին ընդունված որոշման կատարմանը, որը վերաբերում է Թուրքիայում պաշտոնապես ճանաչված 162 ոչ մահմեդական հիմնադրամների առգրավված սեփականությունն իրենց վերադարձնելուն»:
Նշենք, որ ԱՄՆ-ի հայ համայնքը քննադատել է Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վերաբերյալ այդ երկում ԱՄՆ դեսպան Ռիկարդոնեի՝ ավելի վաղ արած հայտարարությունը, ըստ որի մինչեւ 1915 թվականը Թուրքիայում առկա շուրջ 2000 եկեղեցիների մեծ մասը շարունակում է գործել նաեւ այսօր: Այդ հայտարարությունը հիմք դարձավ, որ ԱՄՆ դեսպանի պաշտոնում Ռիկարդոնեի թեկնածության հաստատումը ԱՄՆ սենատում ձգձգվի:




























