Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամկետային զինծառայող Արամ Աշոտի Մելքոնյանի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել եւ կրկին «ինքնասպանության» փաստով:
Հայաստանի պաշտպանության նախարարության քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ին հայտնեց, որ ՊՆ քննչական ծառայության 6-րդ կայազորային բաժնում փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 110 հոդվածի («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը») հոդվածի հատկանիշներով: Գործով ձերբակալվածներ առայժմ չկան:
Ավելի վաղ նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշել էր, թե խիստ նախնական տեղեկություններով զինվորը մահացել է զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով:
Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, դեպքը տեղի է ունեցել Իջեւանի զորամասում, հոկտեմբերի 13-ին, ժամը 15-ի սահմաններում, իսկ մահացողը ժամկետային զինծառայող, 21-ամյա շարքային Արամ Աշոտի Մելքոնյանն է: Արամ Մելքոնյանը Երեւանի բնակիչ էր, զորակոչվել էր 2011թ. առաջին զորակոչի ժամանակ, Նոր Նորքի զինկոմիսարիատից:
Նշենք, որ սա վերջին 5 օրվա ընթացքում արդեն երրորդ մահվան դեպքն է բանակում, եւ բոլոր դեպքերում էլ Հայաստանի ՊՆ-ն քրեական գործ է հարուցում ինքնասպանության հասցնելու հոդվածով:
Ըստ պաշտոնական վարկածի, հոկտեմբերի 12-ին, ժամը 12.40-ի սահմանում Մատաղիսի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված զենքով ինքնասպանություն է գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Յուրիկ Գեւորգի Ներսիսյանը:
Բացի այդ, հոկտեմբերի 9-ին էլ Մարտակերտի զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահություն իրականացնելու ժամանակ, իրեն ամրակցված ԱԿՄ տիպի ինքնաձիգով ինքնասպանություն էր գործել ժամկետային զինծառայող, Խարբերդի 19-ամյա բնակիչ Վլադիմիր Անդրանիկի Ասատրյանը:




























