Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիա այցելած Իրաքի արտգործնախարարի հետ հանդիպմանը խիստ ուղերձներ է հղել Իրաքի վարչապետ Նուրի Ալ Մալիքիին։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն Իրաքի ԱԳ նախարար Հոշյար Զեբայրին ընդունել է Ստամբուլում գտնվող իր աշխատասենյակում։ Մոտ 30 րոպե տեւած հանդիպման գլխավոր թեման եղել է Իրաքի տարածքում գտնվող PKK-ի ճամբարները:
Իրաքի արտգործնախարարն իր անհանգստությունն է հայտնել, որ Թուրքիան Հյուսիսային Իրաքում ռազմական գործողություններ է իրականացնում, ինչին ի պատասխան Էրդողանը խիստ պատասխան է տվել իրաքցի նախարարին։ «Հայտնեք ձեր վարչապետին, որ այդ հողերը ձեր հողերն են, եւ այն պետք է ձեր հսկողության տակ լինի։ Դուք ստիպված եքմաքրել այն։ Եթե դուք չմաքրեք, մենք կմաքրենք։ Երբ մենք սկսենք մաքրել, չտխրեք։ Մենք PKK-ն վերացնելու մեջ վճռական ենք տրամադրված»,-ասել է Էրդողանը։




























